Բաժին. Այլ Լուրեր

Չորրորդ Իշխանություն. Հայաստանի ամենաերիտասարդ նախարարները

Արփինե Հովհաննիսյանի նշանակումը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում «Չորրորդ Իշխանություն» օրաթերթի համար առիթ է հանդիսացել կազմելու ՀՀ ամենաերիտասարդ նախարարների ցուցակը: Պարբերականը մասնավորապես գրում է.

«Դեռեւս մի քանի օր առաջ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես նախարարների շարքում կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը համարվում էր ամենաերիտասարդ նախարարը: Սակայն օրերս նա հրաժեշտ տվեց այդ կարգավիճակին, քանի որ արդարադատության նախարար նշանակվեց Աշոտյանից երիտասարդ Արփինե Հովհաննիսյանը: Թեման մեզ առիթ տվեց կազմելու նորանկախ պետության մեջ եղած ամենաերիտասարդ նախարարների թոփ սանդղակը:

Օրերս նշանակված արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ամենաերիտասարդն է բոլոր եղածների մեջ: Նրա 32-ը դեռեւս չի լրացել, իսկ նա արդեն ղեկավարում է պետության համար ամենառանցքային նախարարություններից մեկը:

Արփինե Հովհաննիսյանի հետ առաջին հորիզոնականները կիսում են բավականին լուրջ գործիչներ:

Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որը ծնվել է 1958թ., 32 տարեկանում արդեն նշանակվել է էկոնոմիկայի նախարար:

32 տարեկանում նախարար է նշանակվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս ծնվել է 1959թ., իսկ արդեն 1991-1992թթ. նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: Այսօր նա առաջնորդում է «Ժառանգություն» կուսակցությունը, որը ներկայացված է Ազգային ժողովում:

Երիտասարդ տարիքում նախարար է նշանակվել նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանը: Նա եւս 32 տարեկան է եղել, երբ նշանակվել է պաշտպանության նախարար: Խոսքը սպարապետի՝ առաջին անգամ նախարար եղած ժամանակաշրջանի մասին է: 1959թ. ծնված Վագզեն Սարգսյանը 1991-1992թթ. եղել է պաշտպանության նախարար:

Արմեն Դարբինյանը նույնպես արդեն 32 տարեկանում նախարար է նշանակվել: Վերջինս ծնվել է 1965թ.-ին, եւ 1997-1998թթ. զբաղեցրել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: 2001թ.-ից մինչեւ օրս Դարբինյանը Հայ-ռուսական համալսարանի ռեկտորն է:

Նրան հաջորդում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ ծնված 1975թ.: Նա էլ 2009թ.-ին է նշանակվել նախարար: Նշանակումից շուրջ 2 ամիս անց Աշոտյանը դարձավ 34 տարեկան:

34 տարեկան հասակում բավականին պատասխանատու պաշտոն է ստանձնել այսօր արդեն գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Վերջինս ծնվել է 1977թ.-ին, եւ արդեն 2011թ.-ին նշանակվել է զինվորական դատախազ:

Նախարարների հիթ շքերթի վերջին՝ 5-րդ հորիզոնականը զբաղեցնում է Դավիթ Հարությունյանը, որը 35 տարեկանում նշանակվել է արդարադատության նախարար»:

Share