Բաժին. Այլ Լուրեր

«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը կմիավորի ստեղծարար երիտասարդների ամբողջ Հայաստանից

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Հանրային լրագրության ակումբի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի և Հայաստանում Beeline-ի հետ համագործակցութամբ դեկտեմբերի 12-13-ին Վանաձոր քաղաքում կազմակերպում է «Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ։ Մրցույթի ընթացքում ծրագրավորողներից և «չծրագրավորողներից» կազմված թիմերը կմշակեն տարբեր ոլորտներին առչնվող խնդիրների լուծումներ, որոնք այնուհետև կներկայացվեն մասնագետների և մենթորների դատին։

«Մեզ հաջողվեց Գյումրիում փոխել մտածելակերպ և կյանքի որակ, ստեղծել համապատասխան միջավայր նոր գաղափարներով հանդես գալու և տեղի մասնագետների միջոցով դրանք կյանքի կոչելու համար: Այս հաջող օրինակի հիման վրա ցանկանում ենք Վանաձորը նույնպես դարձնել տեխնոլոգիական հզոր կենտրոն: Նպատակին հասնելու առաջին քայլերն են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը և նմանատիպ մրցույթների իրականացումը, ինչպիսին է տարվա ամենամեծ տեխնոլոգիական մրցույթը՝ Հեքըթոն 2015-ը»,- նշում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«Հետաքրքրությունը մրցույթի նկատմամբ շատ մեծ է։ Մենք ստացել ենք 70 դիմում, ընդհանուր 250-ից ավել մասնակիցներով։ Առաջարկվող լուծումները տարբեր ոլորտների են առնչվում՝ սկսած առողջապահությունից մինչև բնապահպանություն կամ առևտուր։ Կենտրոնը հատուկ ուշադրություն է դարձնելու ամպային միջավայրում փոքր և միջին բիզնեսի խնդիրների լուծումներ առաջարկող թիմերին», – նշում է Արտաշես Վարդանյանը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրենը։

«Մշտապես հետևելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման միտումներին` Beeline-ն աշխատում է առավելագույնս օգտագործել թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։ Ես ինքս բազմաթիվ անգամներ համոզվել եմ, որ նմանատիպ միջոցառումները մասնակիցներին հնարավորություն են տալիս կատարելագործելու իրենց գաղափարները և հանդիսանում են փորձի փոխանակման յուրատեսակ հարթակ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների համար: Կարող եմ վստահությամբ նշել, որ հենց այս երիտասարդների ձեռքերում է գտնվում թվային տեխնոլոգիաների զարգացման ապագան Հայաստանում և ամբողջ աշխարհում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Մրցույթի մշտական գործընկեր Հանրային լրագրության ակումբը Knight – Mozilla OpenNews հիմնադրամի անունից խրախուսական դրամական մրցանակ կշնորհի հետաքննական լրագրությանը/մեդիային աջակցող ամենահետաքրքիր եւ օգտակար գործիքի դրա դեմո տարբերակը մշակած թիմին: «Ի թիվս այլ ընտրության չափանիշների, մասնավորապես հաշվի են առնվելու գաղափարի իրատեսականությունն ու կիրառելիությունը Հայաստանյան մեդիա դաշտում, նորարարությունն ու թիմի՝ նածագիծը զարգացնելու հաստատակամությունը: Նախատեսված պարգեւին կավելանա նաեւ ԱՄՆ դեսպանատան կողմից տրամադրված խրախուսական մրցանակներից մեկը», – ասում է Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը:

«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015»-ը անցկացվելու է Վանաձոր քաղաքում, որտեղ ՀՀ Կառավարության, Համաշխարհային բանկի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ տեղի են ունենում մեծածավալ աշխատանքներ Վանաձորը տեխնոլոգիական կենտրոն դարձնելու ուղղությամբ։

Նշենք, որ «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը կազմակերպվում է Համաշխարհային բանկի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանու Beeline–ի, Knight-Mozilla OpenNews-ի, Վանաձորի N17 և 5 ավագ դպրոցների աջակցությամբ։:

Share