Բաժին. Այլ Լուրեր

PR SUMMIT ARMENIA 2016. Միջազգային համաժողով՝ Հայաստանի PR մասնագետների և միջազգային փորձագետների մասնակցությամբ

Ապրիլի 8-ից 10-ը Երևանում կայացավ PR SUMMIT ARMENIA 2016-ը՝ համաժողով նվիրված հանրային կապերի և հաղորդակցության ոլորտի արդի խնդիրներին, զարգացման միտումներին և հեռանկարներին:

Համաժողովը, որը տևեց 3 օր՝ ապրիլի 8-ից 10-ը, իր շուրջն էր համախմբել հանրային կապերի և հաղորդակցության ոլորտի մասնագետների, միջազգային փորձագետների, ուսանողների և մարդկանց, ովքեր հետաքրքրված են Հայաստանում PR ոլորտի զարգացման խնդիրներով:

Համաժողովի շրջանակներում հայ մասնագետներն ու միջազգային փորձագետները հանդես եկան թեմատիկ ելույթներով և ակտիվ քննարկումների միջոցով պարզաբանեցին հանրային կապերի կարևորությունն ու հասարակության հետ գրագետ հաղորդակցության անհրաժեշտությունը, խոսեցին հանրային կապերի և հաղորդակցության ոլորտի գլոբալ միտումների ու մարտահրավերների մասին: Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Վրաստանից ժամանած միջազգային փորձագետները ներկայացրեցին ինչպես հանրային կապերի և հաղորդակցության ոլորտում միջազգային լավագույն փորձը, այնպես էլ իրենց մասնագիտական դիտարկումները՝ ոլորտի գլաբալ միտումների համընթաց շարժվելու մարտահրավերների վերաբերյալ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ միջազգային խոսնակները նշեցին, որ հանրային կապերի և հաղորդակցության ոլորտի գլոբալ մարտահրավերներից մեկը սոցիալական մեդիայի ազդեցության ճիշտ գնահատումն ու սոցիալական մեդիայի՝ որպես հանրային կապերի կառավարման գործիքի գրագետ կիրառումն է: Բացի այդ, PR մասնագետներն այսօր խնդիր ունեն ոչ միայն մշակելու արդյունավետ ռազմավարություն՝ արագ փոփոխվող պայմաններին համընթաց շարժվելու համար, այլև վեր հանելու հանրային կապերի առաջնային դերն և նշանակությունը՝ հանրության շրջանում վստահություն ձեռք բերելու տեսանկյունից:

Նշենք, որ PR SUMMIT-ը Հայաստանում կազմակերպվում է 3-րդ տարին՝  Deem Communications-ի նախաձեռնությամբ, և բացառիկ հնարավորություն է տալիս Հայաստանի հանրային կապերի և հաղորդակցության ոլորտի մասնագետներին հաստատել աշխատանքային կապեր՝ մասնագիտական փորձի փոխանակման, գիտելիքների հարստացման  ու հմտությունների զարգացման համար:

 

 

Share