Բաժին. Այլ Լուրեր

Մերկելը մերժել է Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ հայտարարություն անելու Էրդողանի պայմանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի առնչությամբ կառավարության անունից հայտարարություն անելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ակտիվ հրապարակումներ են անում ինչպես գերմանական, այնպես էլ թուրքական լրատվամիջոցները:

Մասնավորապես, լրատվականները հայտնում են, որ Էրդողանը Վարշավայում Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ բացասական է պատասխանել Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների այցը թույլ տալու պահանջին: Որպես նախապայման Էրդողանը պահանջել է, որ Մերկելը հայտարարություն անի այն մասին, թե Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը կառավարության տեսակետը չի հայտնում: Այդուհանդերձ, ըստ գերմանական և թուրքական լրատվամիջոցների, Մերկելն անհնար է համարել նման հայտարարության հնչեցումը:

Թուրքիայի նախագահականից անանուն աղբյուրը հայտնել է, որ Մերկելի հետ հանդիպմանը Հայոց ցեղասպանության թեման քննարկվել է: Մերկելը հավաստիացրել է, որ կանի հնարավոր ամեն բան, որպեսզի բանաձևը չվնասի թուրք-գերմանական հարաբերություններին:

Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել էր, որ Թուրքիան թույլատրություն չի տրամադրել Գերմանիայի ՊՆ բարձրաստիճան պաշտոնային և խորհրդարանի մի քանի անդամների` հուլիսին այցելելու Ինջիրլիքի ռազմաբազա: Պաշտպանության նախարարության քարտուղարի տեղակալ Ռալֆ Բռաուքզիեփեն ծրագրավորել էր հուլիսին խորհրդարանական պատվիրակության հետ այցելել Թուրքիայում տեղակայված գերմանական զորքերին, սակայն դա նրա համար արգելվել է` կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետևանքով թուրք-գերմանական հարաբերությունների լարման հետ:

«Թուրքական իշխանություններն այս պահին հավանություն չեն տալիս մեկնելու ծրագրերին: Սակայն որևէ գրավոր բացատրություն դրա համար չի տրվել», – այս մասին ասել է Գերմանիայի ՊՆ խոսնակը Der Spiegel պարբերականին: Վերջինս գրում է, որ այցի թույլտվությունը մերժվել է Հայոց ցեղասպանության մասին քվեարկության պատճառով:

Share