Բաժին. Այլ Լուրեր

Հյուսիս – Հարավ. Քաջարան – Ագարակ հատվածի նախագծման և կառուցման մրցույթի անցկացման համար նախատեսված հանդիպում

Հուլիսի 25-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցավ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ 4-ի` Քաջարանից մինչև Ագարակ (Իրանի սահման) ընկած հատվածի շուրջ 36 կմ երկարությամբ ճանապարհի նախագծման և կառուցման/վերակառուցման մրցույթի նախաորակավորման փուլի հայտերի նախնական ներկայացման համար նախատեսված  հանդիպում:

Այն անցկացնում էր «Հյուսիս-հարավ  ԾԻԳ» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը:

Ողջունելով ներկաներին` Արթուր Սարգսյանը վստահեցրեց, որ պատվիրատուի կողմից արվել է ամեն ինչ մրցույթը հրապարակային և թափանցիկ անցկացնելու համար:

«Հաշվի առնելով, որ  այս ծրագիրը հանրապետության համար  առաջնային ծրագրերից է և՛ ռազմավարական, և՛ տնտեսական առումով, ողջունում եմ բոլոր հնարավորություններ ունեցող կազմակերպությունների ներկայացումն ու մասնակցությունն այս մրցույթին: Մեծ ուշադրություն է դարձվելու ծրագրի իրականացման թե՛ ժամկետներին, թե՛ որակին, այնպես որ, եթե այս որակավորման փուլն էլ անցնեք,  ես մեկ բան կխնդրեմ՝ շատ մանրակրկիտ և շատ լրջորեն մոտենալ ծրագրի իրականացմանը և հաշվի առնել ամեն մանրուք»,-նշեց Արթուր Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում մրցույթի հավանական մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալ պարզաբանումներ մրցույթի չափորոշիչների, նախաորակավորման փաստաթղթերի և ընդհանուր մրցույթային պահանջների վերաբերյալ:

Կազմակերպությունների կողմից եղել են նաև  բազմաթիվ հարցեր` գրավոր և էլեկտրոնային տարբերակներով, որոնց տրվել են հանգամանալից պատասխաններ:

Մինչ  օրս Տրանշ 4-ի` Քաջարանից մինչև Ագարակ (Իրանի սահման) ընկած հատվածի շուրջ 36 կմ երկարությամբ ճանապարհի նախագծման և կառուցման/վերակառուցման համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար իրենց հետաքրքրությունն են հայտնել շուրջ 24 կազմակերպություններ աշխարհի տարբեր երկրներից:

Share