Բաժին. Այլ Լուրեր

Երևանում կա օրենքի պահանջին չհամապատասխանող 305 գովազդային վահանակ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության հետ համատեղ մայրաքաղաքում կատարած ստուգայցերի արդյունքում գույքագրել է օրենքի պահանջին չհամապատասխանող 305 գովազդային վահանակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ այդմ, 257 տնտեսվարողի ծանուցվել է սեղմ ժամկետներում վահանակները համապատասխանեցնել օրենսդրությանը, 44 գովազդային վահանակ էլ ապամոնտաժվել է: Եվս 4 վահանակ համապատասխանեցվել է օրենքի պահանջին:

Վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ծառայություններին հանձնարարվել է մեկ շաբաթում ապահովել գովազդային վահանակների օրենքի պահանջին համապատասխանեցումը, իսկ թերացողների նկատմամբ կիրառել համապատասխան տույժեր:

«Նշված 305 գովազդային վահանակները, անշուշտ, ոչ մեկ գիշերում, ոչ էլ մեկ շաբաթում են տեղադրվել: Քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ծառայություններն այս ուղղությամբ պետք է ամենօրյա վերահսկողություն իրականացնեն, որպեսզի կանխարգելվեն նման երևույթները: Իսկ դրա համար պետք է գովազդային վահանակի տեղադրման թույլտվություն տրամադրելուց հետո հետևողական լինեք, որ այն համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին, այլ ոչ թե հետո հայտնաբերեք ու նոր քայլեր ձեռնարկեք թերացումների վերացման ուղղությամբ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Share