Բաժին. Այլ Լուրեր

Վահան Մարտիրոսյանը հանձնարարել է խիստ հսկողության տակ առնել ուղևորափոխադրումների չվացուցակները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հերթական անակնկալ այցը կատարեց այս անգամ Հյուսիսային ավտոկայարան` տեղում ծանոթանալու ավտոկայարանի շենքային պայմաններին և սպասարկման հնարավորություններին:

Կանգառում սպիտակ համարանիշով միկրոավտոբուս նկատելով՝ նախարարը խիստ հանձնարարական տվեց Տրանսպորտային տեսչությանը` հետևել, որպեսզի ուղևորներին սպասարկեն միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք մասնակցել են երթուղիների մրցույթներին և դեղին համարանիշներով են:

Վահան Մարտիրոսյանը մոտեցավ ավտոկայարանի կանգառում հավաքված երթուղայինների վարորդներին,  հետաքրքրվեց, թե ի՞նչ դժգոհություններ ունեն:

«Ուղևորների սակավություն: Ձմռան ընթացքում սա  մեր հիմնական խնդիրն է: Միկրոավտոբուսները կիսադատարկ են երթևեկում: Ուղևորների հոսքը մեծանում է միայն ուրբաթ օրերին, երբ մարզերի ուսանողները դասերն ավարտում են»,- ասաց Երևան- Մարտունի երթուղու տեսուչը:

Ավտոկայարանի ներկայացուցիչներն էլ հայտնեցին, թե ուղևորների հոսքի պակասը բերում է չվացուցակի խախտումների: Փոխադրողները լիարժեք չեն իրականացնում պայմանագրով նախատեսված իրենց բոլոր պարտականությունները, արդյունքում տուժում է ուղևորը:

«Մարդը մարզից աշխատանքի է գալիս Երևան, երեկոյան պետք է հետ գնա: Գալիս է ավտոկայարան, պարզվում է տրանսպորտը չի շարժվելու, որովհետև ուղևորներն են քիչ: Սա անթույլատրելի երևույթ է, որը պետք է բացառվի»,- նշեց նախարարը:

Վահան Մարտիրոսյանը Տրանսպորտային տեսչությանը ևս մեկ հանձնարարական տվեց` հսկողության տակ առնել ուղևորափոխադրումների չվացուցակների լիարժեք իրականացումը:
«Առաջնային է, որ ուղևորների մոտ բողոքներ չառաջանան»,- ընդգծեց նա:

Նախարարը վստահ է, որ եթե որակյալ ծառայություն մատուցվի, ուղևորներն է՛լ ավելի շատ կօգտվեն հանրային տրանսպորտից:

Ավտոկայարանում կառավարչական մակարդակի խնդիրներ ևս կան, տոմսարկղի աշխատակիցն է շուտ տուն գնացել կամ աշխատանքային օրը չավարտված՝ բուժկետի դուռն է փակ: Նախարարը հանձնարարեց նաև այս խնդիրները շտկել: Մինչև վերջին երթուղու սպասարկումը բոլորը պիտի իրենց տեղերում լինեն:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվելուց հետո ընթացքի մեջ է երթուղիների կանոնակարգումը: Ավտոկայարանի ներկայացուցիչներն ասում են՝ շատ սպասված գործընթաց է, որի արդյունքում իրենց տնտեսության վիճակը շատ կբարելավվի, շրջանառությունը կմեծանա, իրենց ուժերով կկարողանան ավտոկայարանը բարեկարգել, սպասարկման որակը բարձրացնել:

Դրական տեղաշարժն արդեն շոշափելի է: Միջազգային փոխադրումներ իրականացնող ուղերթերի մրցույթներն անցկացվել են, շուտով կկնքվեն փոխադրողների հետ պայմանագրերը: Ավտոկայարանում գործընթացի հետ մեծ հույսեր են կապում. շարժը կակտիվանա: Սրանից կօգտվի ոչ միայն ավտոկայարանը, այլև ինքը՝ ուղևորը. երթուղային տաքսի կամ ավտոբուս նստելիս համոզված կլինի, որ մեքենան սարքին է, վարորդն` առողջ:

Ավտոկայարանի տարածքում է գործում նաև մինչև այժմ ոչ կանոնավոր միջազգային փոխադրումներ իրականացնող խոշոր ընկերություններից մեկը: Նրանք էլ գոհ են օրենքի փոփոխություններից: Շատ շուտով կանոնավոր փոխադրող կդառնան, սրանով ուղևորափոխադրումների հետ կապված իրենց խնդիրները կլուծվեն: Խոստանում են տոմսերի ձեռքբերման իրենց էլեկտրոնային համակարգն էլ տրամադրել ավտոկայարանին:

Share