Բաժին. Այլ Լուրեր

Շվեդական ոստիկանության մեղքով հայ երիտասարդ է մահացել՝ հարուցվել է քրեական գործ

2017 թվականի փետրվարի 6-ին, Շվեդիայի Օրեբրո քաղաքում, ՀՀ քաղաքացի, Երևան քաղաքի բնակիչ, 32-ամյա Դ. Բարսեղյանի առողջական վիճակը վատացել է, որի պատճառով նրա երկու ընկերներն ավտոմեքենայով նրան տարել են դեպի հիվանդանոց, սակայն նրանց ճանապարհը փակել են տեղի ոստիկանները, նրանց իջեցրել ավտոմեքենայից: Այդ պահին Դ. Բարսեղյանը կորցրել է գիտակցությունը, վայր ընկել ոստիկանների աչքի առաջ, որից հետո մի կերպ բարձրացել է, հենվել սյանը և սկսել փսխել, այդ ընթացքում նրա հետի երկու տղամարդիկ անընդհատ նշել են, որ կանչեն շտապօգնություն, մարդը շատ վատ է զգում, սակայն նրանք չեն կանչել, չեն թողել, որ ընկերները մոտենան և օգնեն, տվել են հայհոյանքներ, երկու հոգով մտել են թևերը, տարել ոստիկանության բաժնի մեկուսարան, որտեղ նույնպես որևէ բուժաշխատող չեն հրավիրել, և շուրջ մեկ ժամ մնալով անօգնական վիճակում` Դ. Բարսեղյանը մահացել է:

Ոստիկանությունը փորձել է կոծկել դեպքը, սակայն, այն բանից հետո, երբ այնտեղ գործող փաստաբան Մարկ Սաֆարյանը և տեղական լրատվամիջոցներն աղմուկ են բարձրացրել ոստիկանների հանցավոր անգործության համար, դատախազը քրեական գործ է հարուցել:

Ներկայումս կա մտավախություն, որ  այդ քրեական գործը կտարվի փակուղի, և դեպքը կկոծկվի:

Նշենք, որ Դ. Բարսեղյանն ընդամենը չորս օր էր, ինչ գտնվում էր Շվեդիայում:

Share