Բաժին. Այլ Լուրեր

Հարցում. ՀՀԿ-ն 10%-ով առաջ է անցել «Ծառուկյան» դաշինքից

Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններից առաջ հանրության շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ ընտրողների 50 տոկոսը հաստատապես մասնակցելու է ընտրություններին, իսկ 35 տոկոսը՝ հավանաբար կմասնակցի: Ընտրություններից մի քանի օր առաջ ընտրողների առավել մեծ աջակցությունն են վայելում երկու կուսակցություններ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որին պատրաստ է ձայն տալ ընտրողների 30,2 տոկոսը (կամ հավանական ընտրողների 35,6 տոկոսը) և «Ծառուկյան» դաշինքը, որի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 29.1 տոկոսը (կամ հավանական ընտրողների 34.2 տոկոսը):

Հարցումն իրականացրել են «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիա» եւ «Gallup Organization» մասնագիտացված կազմակերպությունները, որոնք հանրային կարծիքի բազմաթիվ ուսումնասիրություններ են իրականացրել 2005 թվականից:

Հարցումները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն էլ ավելի է բարելավել իր դիրքերը վարկանիշային թեկնածուների ընտրական պոտենցիալի հիման վրա։ Ընտրություններից մի քանի օր առաջ անցկացված հարցումները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն նաև կուսակցական վարկանիշով է առաջ անցել «Ծառուկյան» դաշինքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հարցման արդյունքները ներկայացնելու ժամանակ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը նշեց, որ հարցաթերթում հարց է ներառվել նաև ռեյտինգային թեկնածուների մասին և ՀՀԿ-ի բոլոր ռեյտինգային թեկնածուներին տրվել է 31.7 տոկոս, «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներին` 21.8 տոկոս: «Մնացած կուսակցություններին եւ դաշինքներին 3-8-ական տոկոսներ: Քվեարկության ժամանակ այդ ձայները կգումարվեն համապատասխան կուսակցությունների ստացված քվեներին»,-ասաց նա:

Հարցման արդյունքների համաձայն` 3-4 կուսակցություններ եւ դաշինք, որոնք վայելում են ընտրողների ավելի փոքր աջակցությունը, եւս կարող են անցնել Ազգային ժողով: «Դրանք են «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայկական վերածնունդ» կուսակցությունները եւ «Ելք» դաշինքը»,-ասաց նա՝ հավելելով, որ հավանական ընտրողների զգալի մասը` 63.4 տոկոսը կողմնորոշված է, թե ում է ընտրելու:

Gallup կազմակերպության ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիսաուշկիենեի խոսքով` հայ ընտրողները բավական հետաքրքրված են առաջիկա ընտրություններով: «Հարցման արդյունքները փաստում են, որ բնակչության համար ամենամտահոգիչը շարունակում են մնալ սոցիալ-տնտեսական խնդիրները, հիմնականում աշխատատեղերն ու կենսապայմանները»,-ասաց նա:

Հարցումներն անցկացվել են 1005 բնակչի շրջանում` դեմ առ դեմ մեթոդով` մարտի 18-27-ը: Հարցվածների արձագանքների մակարդակը կազմել է 70 տոկոս, հարցման արդյունքների սխալի լուսանցքը չի գերազանցում 3,2 տոկոսը, տվյալների վստահության մակարադակը` 95 տոկոս:

Ապրիլի 2-ին Gallup International գործակալությունը իրականացնելու է նաև Էքզիթ-Փոլ:

Share