Բաժին. Այլ Լուրեր

Ստեղծվում է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողով

Կառավարության այսօրվա նիստում հավանության են արժանացել մի շարք օրինագծեր: Մասնավորապես, կառավարությունը հավանություն է տվել «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի ընդունման արդյունքում ՀՀ-ում բարեվարքության խթանման և կոռուպցիայի կանխարգելման նպատակով կստեղծվի Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողով, որը կիրականացնի պաշտոնատար անձանց բարեվարքության խթանման և կոռուպցիայի դեմ պայքարի կրթական և կանխարգելիչ գործառույթներ: Դրանց իրականացումը կնպաստի ՀՀ-ում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացվող աշխատանքների խթանմանը, կոռուպցիայի մակարդակի նվազեցմանը, հանրային ծառայողների կարգապահության և բարեխղճության ամրապնդմանը, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հանրային կառավարման արդյունավետ, թափանցիկ և հաշվետու համակարգի ձևավորմանը: Նախագծով նոր իրավակարգավորումներ են նախատեսվել գույքի և եկամուտների հայտարարագրման ոլորտների հետ կապված: Նախատեսվել է, մասնավորապես, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնում:

Գործադիրի հավանությանն է արժանացել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ դատարաններում այնպիսի դատական վեճերի առկայությամբ, որոնց լուծման արդյունքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցումը ՀՀ պետբյուջեի միջոցներից առաջացնում է լրացուցիչ` չնախատեսված միջոցների հատկացման անհրաժեշտություն: Փոփոխություններով նախատեսվում է հարկադիր կատարողի գործողությունների կամ անգործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը կատարվում է հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հաշվին:

Գործադիրը հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Մանավորեցման ոլորտում համապատասխան բարեփոխումների իրականացման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով, առաջարկվում է ընդունել մասնավորեցման ժամկետային նոր ծրագիր, որով սահմանվում են մասնավորեցման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունը և սահմանափակումները: Ընկերության մասնավորեցումը կնպաստի ներդրումներ իրականացնել ընկերությունում՝ հագեցնելով դրանք ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով, ֆինանսական հոսքերի ավելացմանը, ընկերության արդիականացմանը: Ընդհանուր առմամբ ծրագրում ընդգրկվել են 47 ընկերություններ, որոնց վաճառքից ակնկալվում է ստանալ 35-36 մլրդ դրամ:

Share