Բաժին. Այլ Լուրեր

Վիվասել-ՄՏՍ. «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը հրաժեշտ տվեց Երևանին

Երևանի կինոտոնն անցած ճանապարհի տարեգրությունն ավելացրեց ևս մեկ տարով: Միջոցառումների բազմազանությամբ, ճանաչված կինոգործիչների, հյուրերի մասնակցությամբ և բազմաժանր ֆիլմերի ցուցադրությամբ ուղեկցված 14-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը: Փառատոնի հաղթողներն ստացան իրենց մրցանակները, Շառլ Ազնավուրի անվան հրապարակը համալրվեց անվանի հայ կինոգործիչների անունը կրող նոր աստղերով՝ հավերժացնելով կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակը: Սիրված փառատոնը հաջորդ տարի իր հանդիսատեսին կներկայանա հոբելյանական ծրագրով:

Հայաստանի մշակութային կյանքին աշխուժություն հաղորդած փառատոնն անցավ ոչ միայն կինոցուցադրությամբ, այլև՝ վարպետության դասերի հարուստ ծրագրով: Հանդես եկան ճանաչված կինոգործիչներ Բորիս Խլեբնիկովը (ռեժիսոր, Ռուսաստան), Իլդիկո Էնյեդին (ռեժիսոր, Հունգարիա), Ռուի Նուգեիերան (կինոպատմաբան, Ֆրանսիա), Սիռո Գեռան (ռեժիսոր, Կոլումբիա), Թոմ Մքսորլին (կինոքննադատ, Կանադա) և այլք:

«Ցանկացած ծրագիր, մինչև կյանքի իրավունք ստանալն անցնում է որոշակի ճանապարհ: Բարդ ու նաև կարևոր առաքելություն ստանձնած «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ապրել է մի ամբողջ պատանեկություն և մտել հասունության փուլ: Տասնչորս տարվա տարեգրություն ունեցող, աշխարհի առջև բաց պատուհան դարձած փառատոնը համամարդկային արժեքներ փոխանցող դեսպան է տարբեր մշակույթներով առաջնորդվող ազգերի համար: Այս  կինոտոնը նաև ստեղծագործական մտքի, հույզերի, աշխարհընկալումների կամուրջ է, գեղարվեստական մտածողության հարթակ և ինքնատիպ անձնագիր՝ Հայաստանի համար: «Ոսկե ծիրանի» ակունքներում կանգնած, հարուստ տարեգրություն ստեղծած կազմակերպիչներին մաղթում եմ նոր ուժ ու եռանդ՝ հետագա աշխատանքների համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Փառատոնի շրջանակում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից հիմնադրված «Եղիցի լույս» հատուկ մրցանակը շնորհվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին՝ հայկական կինոյում ունեցած մեծ ավանդի համար։

Փառատոնը նշանավորվեց հայ-թուրքական կինոպլատֆորմի նախագծերի զարգացման հերթական աշխատաժողովի անցկացմամբ նաև: 

«Ոսկե ծիրանի» շրջանակում հարգանքի տուրք մատուցվեց հայ կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, երջանկահիշատակ Ռուբեն Գևորգյանցի հիշատակին: «Մոսկվա» կինոթատրոնում փառատոնի հանդիսատեսը դիտեց նրա «Բարի հետք» ֆիլմը:

14-րդ «Ոսկե ծիրանը»  ներկայացրեց նաև «Ֆրանսիական կինոյի օր», «Գերմանական կինոյի օր», «Լեհական կինոյի օր» ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների հետ համագործակցությամբ: Իսկ «Երևանյան պրեմիերաների» շրջանակում հանդիսատեսը դիտեց Կաննի, Բեռլինի և Վենետիկի կինոփառատոների մրցանակակիր ֆիլմեր:

Մեկշաբաթյա կինոտոնը եզրափակվեց: Փառատոնի կազմակերպիչները նախատեսում են հաջորդ տարի հոբելյանական՝ 15-րդ «Ոսկե ծիրանը» ներկայացնել առավել յուրահատուկ ու նոր ծրագրերով:

Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

————-

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share