Բաժին. Այլ Լուրեր

Հովհաննես Թումանյանի տունը վերստին բացեց դռները

Հովհաննես Թումանյանի թբիլիսյան վերջին բնակարանում՝ Ամաղլեբա փողոցի թիվ  18  տանը, 2017 թվականի օգոստոսի 5-ին կայացավ «Հովհաննես Թումանյանի տուն»  գիտական, մշակութային կենտրոնի բացումը՝  նոր էջ դառնալով  հայ-վրացական մշակութային կապերի տարեգրությունում:

Հիրավի պատմական այս իրադարձության հենքը 100-ամյա վաղեմության Մեծն Թումանյանի տան թբիլիսահայ համայնքին վերադարձն էր, որտեղ ժամանակին սիրով հյուրընկալվել են  Աղայանն ու Կոմիտասը, Շիրվանզադեն, Իսահակյանը, Փափազյանը, Մառը, Իաշվիլին, Տաբիձեն, Գրիշաշվիլին, Բրյուսովը և  ուրիշներ, որտեղ կազմակերպվել են գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ երկերի  քննարկումներ, ուսումնասիրվել են հայ, վրաց  և համաշխարհային գրականության նմուշներ:

Վրաստանի անկախացումից հետո հայ համայնքից օտարված Ամենայն հայոց բանաստեղծի տան ճակատագիրն օրհասական էր.  մասնավոր սեփականատիրոջ պատկանող չգործող գրադարանային հատված և ժառանգներին մնացած կիսափուլ  բնակարան:

Թումանյանի տունն իր օրինական սեփականատիրոջը հանձնվեց Հայաստանի գրողների  միության նախկին նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանի անդուլ ջանքերով, ում աջակից դարձան Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ  ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանը և  IdeA հիմնադրամի համանախագահ Ռուբեն Վարդանյանը: Ամբողջական տեսքով Վիրահայոց թեմին նվիրաբերված տան վերանորոգությունը, բարեկարգումը և կահավորումն իրականացվեց  Ջինիշյան հիշատակի և IdeA հիմնադրամների ու թեմի միջոցներով:

Անճանաչելի տեսք ստացած Հովհաննես Թումանյանի տան բացման հանդիսությանը մասնակցեցին Մայր Աթոռի պատվիրակությունը, Վրաստանի, Հայաստանի Հանրապետության պետական,քաղաքական  գործիչներ, դիվանագետներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանի տարբեր քաղաքներից ու շրջաններից,   համայնքային կառույցների ղեկավարներ, թբիլիսահայ մտավորականներ:

Կենտրոնի բացման արարողությունը սկսվեց հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Հովհաննես Թումանյանի շիրիմին ծաղկեպսակի զետեղմամբ և Վիրահայոց թեմի և Տավուշի թեմի առաջնորդների նախագահությամբ կատարված հոգեհանգստյան կարգով:

«Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի  ժապավենը կտրեցին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանը, IdeA հիմնադրամի գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ԱՄՆ-ի մայր գրասենյակի գործադիր տնօրեն Էլզա Մանասյանը:Հոգևոր դասի մասնակցությամբ նորաբաց կենտրոնում կատարվեց  տնօրհնեքի արարողություն:

«Հովհաննես-Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի գործունեության  և ապագայի ուղենիշների մասին բանախոսությամբ հանդես եկավ  կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության և  բարեմաղթանքի ուղերձը  ընթերցեց Մայր Աթոռի պատվիրակության ղեկավար, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս  Գալստանյանը, ներկայացվեցին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի շնորհավորագրերը:

Տունը համայնքին վերադարձնելու և  վերանորոգչական ու  բարեկարգման աշխատանքների վավերագրությունը ցուցադրվեց  տեսաֆիլմի միջոցով:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան Երևանի Հովհաննես Թումանյանի  տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը,  Լևոն Անանյանի որդին՝ «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը:

Ապա Ամենայն հայոց բանաստեղծի տունը ազգային նպատակների ծառայեցնելու  կապակցությամբ շնորհավորանքի խոսք ասացին բարերարները, նվիրատուները: 

Մենակատարուհի Աննա Բադալյանի երգը,  Լիզա Թորոսյանի և Լևոն Չիդիլյանի ասմունքը Ժաննա  Դավթյանի խամաճիկի  համադրությամբ փոխանցեցին այն չմարող սերը, որը տածում է ժողովուրդն իր մեծ բանաստեղծի նկատմամբ:

Միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը երախտագիտության խոսքեր ուղղեց բոլոր բարերարներին, աջակիցներին՝ ազգանվեր գործ կատարելու և Թումանյանի պատմական տունը թբիլիսահայ համայնքին վերադարձնելու համար և նվիրեց թբիլիսահայ ճանաչված նկարիչներ Մերուժան Շահումյանի և  Թենգիզ Միկոյանցի գործ նկարներից:

Ուշագրավ է, որ դատարկաձեռն չէին ներկայացել նաև հյուրերը: Կենտրոնի բացումը նվերներով  շնորհավորեցին  «Ջահ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, մոսկվայաբնակ Լամարա Աթոյանը, թբիլիսաբնակ Մերուժան Շահումյանը, Թենգիզ Միկոյանցը, Վալիկո Առաքելյանը և ուրիշներ:

Մեծն Թումանյանի տանը հարիր նորաբաց կենտրոնում այսուհետ  ծավալվելու է գրական, գիտական, կրթամշակութային գործունեություն, սրահներից մեկը կրելու Լևոն Անանյանի անունը, որտեղ տեղի են ունենալու հայ և վրաց  գրողների հանդիպումներ, գրքերի  քննարկումներ, կենտրոնում ստեղծվելու է  ազգագրության ուսումնասիրության և զարգացման, արվեստի գործիչների մշակութային կապերի օջախ, տիկնիկային թատրոն, ՀԲԸՄ վիրտուալ համալսարանի մասնաճյուղ, վիրահայության հոգևոր, մշակութային ժառանգության թանգարան, գրադարան:

Share