Բաժին. Այլ Լուրեր

Իսրայելական ընկերության ղեկավարներն անձամբ են ուղղել անօդաչու թռչող սարքերն հայկական դիրքերի ուղղությամբ

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իսրայելական «Հաարեց»-ը, ըստ դիմումի՝ Ադրբեջանը պահանջել է ընկերությունից գնվելիք Orbiter 1K անօդաչու թռչող սարքերը փորձարկել հայկական դիրքերի ուղղությամբ:

Իսրայելի պաշտպանության նախարարությունում նման դիմումի առկայության մասին օգոստոսի 13-ին հաղորդել էր «Մաարիվ» թերթը:

Aeronautics Defense Systems ընկերությունն, այնուամենայնիվ, կտրականապես հերքում է, թե իր աշխատակիցները երբևէ նման փորձարկում են արել: Ընկերությունից շեշտել են, որ իրենք երբեք «անօդաչու սարքերի փորձարկումներ չեն իրականացնում կենդանի թիրախների վրա, ինչն այդպես է նաև այս դեպքի համար»: «Aeronautics-ը սպառողներ ունի աշխարհի շուրջ 50 երկրներում և իր արտադրանքը վաճառում է միայն Պաշտպանական արտահանման վերահսկողական գործակալության հավանությամբ: Գործողությունն իրականացվել է միայն գնորդի (խմբ.- Ադրբեջանի) կողմից և իր պատասխանատվությամբ: Aeronautics-ն անօդաչու սարքերի փորձարկումներ չի իրականացնում կենդանի թիրախների վրա, ինչը ճշմարիտ է նաև այս դեպքի համար »

«Մաարիվ»-ի փոխանցմամբ, սակայն, ադրբեջանական կողմից սպառնալիքներից հետո ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներից ոմանք անձամբ են փորձարկել սարքերը, որոնք, սակայն, չեն հարվածել թիրախին և ընկել են հայկական դիրքերից շուրջ 100 մետր հեռավորության վրա:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հարցի առնչությամբ նշել է. «Որպես կանոն, պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ռազմական արտահանումներին առնչվող հարցերը: Այս դիմումն ուսումնասիրվում է նախարարության համապատասխան մարմինների կողմից»: Aeronautics Defense Systems-ի ուղղված բողոքն ուսումնասիրում է Իսրայելի պաշտպանական գերատեսչության մասնագիտացված մարմինը՝ Պաշտպանական արտահանման վերահսկողական գործակալությունը:

Ընկերության կայքում նշվում է, որ Orbiter 1K-ն կարող է տեղափոխել 1-2 կիլոգրամանոց պայթուցիկներ:

«Հաարեց»-ը հիշեցնում է, որ Ադրբեջանը նախկինում ևս հայկական ուժերի դեմ կիրառել է իսրայելական ԱԹՍ-ներ, մասնավորապես, 2016 թ-ի ապրիլին Israel Aerospace Industries ընկերության արտադրության Harop տիպի ԱԹՍ-ն խոցել է հայ կամավորների ավտոբուսը, ինչի արդյունքում յոթ հոգի մահացել է:

Թերթը մեջբերել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով ասել էր, որ իր երկիրն Իսրայելից ձեռք է բերել շուրջ 5 միլիարդ դոլարի զինամթերք, իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն Բաքու կատարած այցի ընթացքում նշել էր երկարամյա ռազմական համագործակցության մասին: «Հաարեց»-ը նշում է, որ, ըստ որոշ հաղորդումների, Ադրբեջանը Իսրայելից գնել է ռադիոտեղորոշիչ ու անօդաչու թռչող սարքեր, ինչպես իսրայելական Tavor տեսակի հրազեն:

Share