Բաժին. Այլ Լուրեր

Կայացել է «Դինամիկ Բուրգ» խաղաձևի Հայաստանի բիլիարդի 2017թ. առաջնությունը

Ավարտվել է սեպտեմբերի 8-ին մեկնարկած «Դինամիկ Բուրգ» խաղաձևի Հայաստանի բիլիարդի 2017թ. առաջնությունը։ Առաջնությանը մասնակցել է Հայաստանը և Արցախը ներկայացնող 30 մարզիկ։ Առաջնությունը կազմակերպվել է Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիայի կողմից` ԷՖՖԷ Բիլիարդ ակումբում։

Եռօրյա պայքարի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել առաջատար մարզիկներ, ՀՀ նախկին առաջնությունների հաղթողներ և Հայաստանի բիլիարդի հավաքականի անդամներ Ռազմիկ Վարդանյանը և Կորյուն Հովհաննիսյանը։ Եզրափակիչ հանդիպման ընթացքում ավելի ուժեղ գտնվեց Ռազմիկ Վարդանյանը, ով էլ հերթական անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն։

ՀԲՍՖ փոխնախագահներ Սամվել Չախալյանի և Սամվել Հունանյանի կողմից հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, դիպլոմներով և դրամական մրցանակներով։ Չեմպիոն Ռազմիկ Վարդանյանին շնորհվեց նաև գավաթ և «Վիտալի Բալայան» բարձրորակ խաղաձող։

ՀԲՍՖ ղեկավար Իգոր Խաչատուրովը հայտնեց, որ Ռազմիկ Վարդանյանը շուտով Հայաստանը կներկայացնի խոշոր միջազգային ստուգատեսում։ Խաչատուրովը նաև նշեց, որ մինչ այս տարվա ավարտը կկայանա նաև «Ազատ Բուրգ» խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունը։

Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան գործում է 2008-ից: Ֆեդերացիան սերտորեն համագործակցում է Բուրգի Միջազգային Կոնֆեդերացիայի հետ: Ամեն տարի բիլիարդի տարբեր խաղաձևերի համար անցկացվում են ՀՀ առաջնություններ, որոնցում հաղթած մարզիկները Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու իրավունք են ստանում:

Share