Բաժին. Այլ Լուրեր

Վարչապետը հանձարարեց աշխատանքներ տանել Երևանում խցանումների նվազեցման ուղղությամբ

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց քայլեր ձեռնարկել նվազեցնելու Երևանում աշխատանքային օրերին առաջացող խցանումների դեպքերը: Վարչապետը հիշեցրեց, որ վերջին ժամանակահատվածում կառավարության կողմից նախաձեռնվել են օրենսդրական և գործնական բարեփոխումներ ճանապարհային կանոնների պահպանման ու նվազ նշանակության իրավախախտումների նախազգուշացման կիրառման ուղղությամբ:

«Ճանապարհային կանոնների խախտման դեպքերով տուգանքներին հավելվող տույժերը վերացվել են: Մշակված նոր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծով նախատեսվել են նախազգուշացման ինստիտուտի կիրառման ճկուն մեխանիզմներ: Միաժամանակ, փաստ է, որ աշխատանքային օրերին Երևան քաղաքում առկա են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծումներ: Մասնավորապես, խնդիրներ են առաջանում նաև ուղևորների նստելու կամ իջնելու դեպքերում օրենսգրքով սահմանված մեկ րոպե ժամանակահատվածի պահպանման մասով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Ոստիկանության պետին հանձնարարեց և Երևանի քաղաքապետին առաջարկեց 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել Երևանում խցանումների նվազեցման հնարավորությունները՝ հաշվի առնելով որոշ հատվածներում ավտոկայանատեղերի սահմանափակման, ճանապարհային երթևեկության կազմակերպման և հսկողության խստացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև այլընտրանքային երթուղիների կառուցման հարցերը,  և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին և Ոստիկանության պետին հանձնարարվեց 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով կանգառ կատարելու դեպքերում սահմանված մեկ րոպե ժամանակահատվածի գերազանցումների արձանագրման մոտեցումների վերանայման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:

Share