Բաժին. Այլ Լուրեր

ՊԲ հրամանատարն ընդունել է Ucom ընկերության ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է «UCOM» և «Պանարմենիան մեդիա գրուպ» ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր համագործակցում և աջակցում են պաշտպանության բանակին ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և տեղեկատվական քաղաքականության իրականացման հարցերում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրականացված և շարունակվող աշխատանքների համալիրը, նախանշվել հետագա համագործակցության հիմնական ուղղությունները: Այնուհետև հյուրերը բանակի հրամանատարի ուղեկցությամբ եղել են իրենց իսկ միջոցներով տեխնիկապես վերազինված բանակի տեղեկատվական կենտրոնում, ծանոթացել առկա պայմաններին և հնարավորություններին: Տեղեկատվական կենտրոնում բանակի հրամանատարը լրագրողների հետ զրույցում շփման գծում տիրող իրադրությունը նախորդ շաբաթվա համեմատ բնութագրել է լարված, բայց վերահսկելի և վստահեցրել, որ ինչպես միշտ, հակառակորդի նախահարձակ գործողություններին տրվելու է համարժեք պատասխան:

Հավելենք նաև, որ պաշտպանության բանակի տեղեկատվական կենտրոնը ստեղծվել է արտակարգ իրավիճակներում հայրենական և արտերկրում գործող զանգվածային լրատվամիջոցների բնականոն աշխատանքն ապահովելու և տեղ գտնող զարգացումները օպերատիվ կերպով միջազգային հասարակայնությանը հասու դարձնելու նպատակով:

Share