Այլ Լուրեր | 18:30 01/11/17

Beeline. Գաֆէսճեան արվեստի կենտրոնում շարունակվում է «Երաժշտական զբոսանքներ» ծրագիրը

Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում շարունակվում է «Երաժշտական զբոսանքներ» կրթական ծրագիրը նախատեսված 8-11 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների և 12-16 տարեկան պատանիների համար:

Ծրագրի հեղինակը դաշնակահարուհի, երաժշտագետ Մարինե Կարոյանն է, ով մասնակիցների հետ մտերմիկ երաժշտական զբոսանքներ է անցկացնում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում: Ծրագրի մեկնարկից ի վեր արդեն իրականացվել է 14 հանդիպում, որին ներգրավվել են շուրջ 200 երեխաներ և պատանիներ: Մարինե Կարոյանի հետ ինտերակտիվ հանդիպումների ընթացքում մասնակիցներն արդեն անդրադարձել են երաժշտական տարբեր հետաքրքրաշարժ թեմաների՝ նախապատմական շրջան, հին քաղաքակրթություններ, Հին Հունաստան և Հռոմ, Միջին դարեր և  Վերածնունդ:

«Երաժշտական զբոսանքներ» նախագծի նպատակն է դասական երաժշտությունը հասանելի դարձնել հասարակության լայն շերտերի համար, վաղ տարիքից հետաքրքրություն և սեր ձևավորել դասական երաժշտության հանդեպ, կառուցել ամուր և շարունակական հարաբերություններ ընտանիքների և պատանեկան լսարանի հետ: Շնորհակալ ենք Beeline-ին շարունակական համագործակցության և աջակցության համար»,- նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:  

«Երաժշտական և էսթետիկ դաստիարակությունն անձի կայացման գործում կարևորագույն նշանակությունն ունի։ Մեր սոցիալական պատասխանատվությունն է երիտասարդության բազմակողմանի զարգացման համար պայմաններ ստեղծելը։ Վստահ եմ, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի այս ծրագիրը մեր երեխաների կյանքը կդարձնի ավելի լավը՝ ձևավորելով նրանց ճաշակը», - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ծրագիրը տեղի է ունենում շաբաթ օրերին. յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը հյուրընկալվում են ընտանիքները, իսկ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը՝ պատանիները: Մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ (010) 54 19 32, կամ  (010) 54 19 34 հեռախոսահամարներով:

Նշենք, որ Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ. Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ–ի Պատկերասրահ Մեկում բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների և այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները։

-----------

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: