Բաժին. Այլ Լուրեր

Դրամանիշերի վրա ներկ լցնող համակարգը Երևանում բանկոմատից գողությունը կանխել է

ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը դեկտեմբերի 5-ին ահազանգ է ստացեց, որ Բագրատունյաց փողոցի բանկոմատներից մեկը կոտրել են։ Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով. «Դեպքի վայր մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը ժամը 3-ից 8։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք կոտրել են չգործող ճաշարանի դռան փականը, մտել ներս և փորձել են կոտրել բանկոմատն ու փող հափշտակել։

Նրանք իրենց կամքից անկախ չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ գողության պահին հատուկ ներկը լցվել է բանկոմատի փողերի վրա։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Հավելենք, որ ինչպես նախկինում նշել ենք, հանրապետության գրեթե բոլոր բանկոմատներն ունեն նման համակարգ։ Գողության փորձի դեպքում ներկ է լցվում բանկոմատի դրամանիշերի վրա»։

Share