Բաժին. Այլ Լուրեր

Վահրամ Բաղդասարյան. շուտով Ազգային Ժողովին եկամտահարկի գլոբալ փոփոխությունների փաթեթ կներկայացվի

Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը և կառավարությունը մոտ ժամանակներս «Եկամտային հարկի մասին» օրենքում գլոբալ փոփոխությունների փաթեթ կներկայացնեն: Ազգային ժողովի նիստում «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին  «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկմանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծով «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկը 23 տոկոսից իջեցնել 21 տոկոս, իսկ 150-300 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար՝ 28 տոկոսից դարձնել 26 տոկոս: Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը մեկ թիմ են, և քննարկումների արդյունքում որոշումներ են կայացնում: «Մենք մոտ ժամանակներս կունենաք եկամտային հարկի մասին փաթեթ, որտեղ բովանդակային քննարկում կկազմակերպենք և կգնանք գլոբալ փոփոխություների: Մենք դեմ ենք կոսմետիկ փոփոխությունների, որոնք լուծում չեն կարող տալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած նախաձեռնությանը:

Խորհրդարանը քվեարկությամբ մերժեց «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած նախաձեռնությունը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը: Հարցին կողմ քվեարկեց 33, ձեռնպահ՝ 54 ատգամավոր: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ որոշումը չի ընդունվել:

Share