Բաժին. Այլ Լուրեր

Երևանի հեռուստաաշտարակի 240-270մ նիշերի հատվածում նախատեսված է տեղադրել FM կոլեկտիվ հաղորդիչ ալեհավաք

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲ ընկերություն:

Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գագիկ Ալոյանը նախարարին ներկայացրեց վերջին շրջանում կատարված տեխնիկական բարելավումները, հետագա ծրագրերն ու հեռանկարները, ընկերության գործարար ծրագրի մանրամասները:

Թվային հեռուստատեսային հեռարձակման անցնելուց հետո նախկին հաղորդիչ կենտրոնը, որտեղից ժամանակին հեռարձակվում էին անալոգային հեռուստածրագրերը, այժմ չի գործում։ Անալոգային եթեր ապահովող սարքավորումներն այլևս պիտանի չեն շահագործման և ենթակա են ապամոնտաժման։ Այստեղ նախարարին ներկայացվեցին ընկերության գործարար ծրագրի մանրամասները, ըստ որոնց՝ նմանատիպ տարածքները կվերանորոգվեն և նոր նշանակություն կստանան։

Կատարվելու են նաև տեխնիկական բարեփոխումներ։ Օրինակ՝ Երևանի հեռուստաաշտարակի 240-270մ նիշերի հատվածում նախատեսված է տեղադրել FM կոլեկտիվ հաղորդիչ ալեհավաք, որը հնարավորություն կտա գործող ռադիոընկերությունների ազդանշանները հեռարձակել միասնականորեն։

Սա էապես կբարձրացնի հեռարձակման որակը, կընդլայնի ռադիոալիքների ընդգրկման գոտին և կհեշտացնի սարքավորումների սպասարկումը։ Ներկայում ռադիոհաղորդակները տեղադրված են աշտարակի 130մ բարձրության վրա, սպասարկումը որոշակի բարդություններ է առաջացնում։ Նոր ալեհավաք տեղադրելուց հետո սարքավորումները կիջեցվեն շենքային տարածք, և արդեն հնարավոր կլինի սարքավորումների աշխատանքը մշտապես վերահսկել։

Նախարարն այցելեց նաև թվային հաղորդիչ ցանցի գլխամասային կայան, որտեղից կազմակերպվում, վերահսկվում և ղեկավարվում է թվային հեռուստահեռարձակումն Հայաստանի ամբողջ տարածքում։ Վահան Մարտիրոսյանը ծանոթացավ ներդրված նորագույն տեխնիկական հնարավորություններին, որոնց միջոցով ապահովվում է թվային հեռարձակման բարձր որակը։ Նշվեց, որ ՀՀՌՑ հեռարձակման ցանցի ենթակառուցվածքը ներառում է մեկ կենտրոնական կայան Երևանում, ավելի քան 212 մարզային հաղորդիչ կայաններ և եթերային հոսքերի վերգետնյա փոխանցման օպտիկամանրաթելային ու արբանյակային ցանցեր:

Մշակված համակարգը տեխնոլոգիական հնարավորություն է ընձեռում հեռուստատեսային ալիքները հեռարձակել ինչպես ստանդարտ (SD), այնպես էլ բարձր (HD) թողունակությամբ։

Ցանցի վերահսկողության և կառավարման կենտրոնում էլ նախարարին ներկայացվեց, թե ինչպես է վերահսկվում և կառավարվում հանրապետության բոլոր հեռուստակայանների և հեռուստաեթերի անխափան աշխատանքը։ Կայաններից որևէ մեկում խնդիրներ ի հայտ գալու դեպքում դրանք արտացոլվում են մոնիտորի էկրանին, անմիջապես միջոցներ են ձեռնարկվում խնդիրը կարգավորելու ուղղությամբ։

Նախարարին ներկայացվեց նաև Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող արբանյակային ընդունիչ ալեհավաքի համակարգի աշխատանքը։

Շրջայցից հետո տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանն իր նկատառումներն ու դիտողությունները ներկայացրեց ընկերության գործունեության և ներկայացված ծրագրի վերաբերյալ։

Share