Բաժին. Այլ Լուրեր

ՀՀ կառավարություն. հանձնարարվել է ձեռնարկել համալիր միջոցառումներ ոռոգման ջրանցքներում աղբ թափելու դեպքերը կանխարգելելու նպատակով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերում էր ոռոգման ջրանցքները մաքրելուն: «Յուրաքանչյուր տարի, գարնան ոռոգման ջրամատակարարման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացնում է ջրանցքների մաքրման և ընթացիկ նորոգման աշխատանքներ: Իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ նման աշխատանքների զգալի մասն ուղղվում է ջրանցքներ թափված կենցաղային և այլ բնույթի աղբի մաքրմանը, որը ձևավորվում է ոռոգման, ինչպես նաև ոչ ոռոգման ժամանակահատվածում՝ հարակից բնակավայրերից։ Ստեղծվածը խոչընդոտում է ջրամատակարարման աշխատանքների կատարմանը և առաջացնում է լրացուցիչ ծախսեր»,-նշել է վարչապետը:

Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ոստիկանության պետին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ձեռնարկել համալիր միջոցառումներ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ոռոգման ջրանցքներում աղբ թափելու դեպքերը կանխարգելելու նպատակով՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում Ազգային ժողով ներկայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների կատարման օրենսդրական փաթեթում, սահմանված կարգով՝ ներկայացնել ոռոգման ջրանցքներում աղբ թափելու, աղտոտելու պատասխանատվության միջոցները խստացնելու վերաբերյալ լրամշակումներ:

Վարչապետը պատասխանատու կառույցների ղեկավարներին հորդորել է խնդրի լուծումը պահել ուշադրության կենտրոնում և խիստ վերահսկողություն իրականացնել:

Կարեն Կարապետյանի մյուս հանձնարարականը «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհի բարեկարգման վերաբերյալ էր: «2017 թվականի դեկտեմբերի 14-ին անդրադարձել էինք քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգման և միջավայրի բարեկարգման հարցերին, հատկապես՝ հաշվի առնելով այս տարվա երեք խոշոր իրադարձությունները և զբոսաշրջային այցերը»,-նշել է վարչապետը: Հաշվի առնելով, որ բարեկարգման աշխատանքները հարկավոր է սեղմ ժամկետներում կատարել, կառավարության ղեկավարը հանձնարարել է ֆինանսների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ինչպես նաև առաջարկել Երևանի քաղաքապետին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհի հատվածի բարեկարգման, ճարտարապետական մոտեցումների, խորհրդանիշների տեղադրման միասնական լուծումները, ինչպես նաև նախագծային փաստաթղթերը, այդ թվում՝ ակնկալվող ֆինանսական ծախսերը և համապատասխան փաթեթը ներկայացնել կառավարության աշխատակազմ։

Վարչապետն առաջարկել է նաև Գյումրու քաղաքապետին, առավելագույնը 2-ամսյա ժամկետում, «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի հետ համատեղ ապահովել «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի, Գյումրու հրապարակի հարակից տարածքի և դեպի Երևան տանող ճանապարհների բարեկարգման, ինչպես նաև կանաչապատման աշխատանքների ավարտը։

Կառավարության ղեկավարի երրորդ հանձնարարականն առաջիկա ոչ աշխատանքային օրերին մաքսային ծառայության և այլ մարմինների աշխատանքային գրաֆիկ սահմանելու վերաբերյալ էր: «Հունվարի 25-ի կառավարության նիստի ընթացքում ընդունվեց որոշում, համաձայն որի մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2018 թվականի մարտի 17-ը։ Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ 4 օր անընդմեջ ոչ աշխատանքային օրերը կարող են դժվարություններ առաջացնել, հատկապես տնտեսավարողների գործունեության համար»,-նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է պետական եկամուտների կոմիտեի նախագահին, սննդի անվտանգության պետական ծառայության պետին և առաջարկել ԿԲ նախագահին՝ մարտի 8-ից մինչև մարտի 11-ի ավարտը, տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով՝ բոլոր մաքսատներում, սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան, ինչպես նաև ապահովելով մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում, այդ ժամանակահատվածում համապատասխան վճարումների կատարման հնարավորություն:

Share