Բաժին. Այլ Լուրեր

Կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն 30 տոկոսի չափով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր կենսաթոշակի և պետական նպաստների արգելադրման ընթացակարգերի խախտումներին: «Գործող օրենսդրական կարգավորումները սահմանում են առանձհատկություններ՝ պետական կենսաթոշակի, նպաստների արգելանքի և բռնագանձման կիրառման դեպքերում։ Մասնավորապես՝ կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն 30 տոկոսի չափով, իսկ պետական նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել։ Միաժամանակ գործնականում արձանագրվել են նշված օրենսդրական պահանջների խախտման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է նաև տեխնիկական դժվարություններով, այդ թվում՝ կենսաթոշակային համակարգի տվյալների էլեկտրոնային շտեմարանի՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը հասանելիության բացակայությամբ»,-նշել է կառավարության ղեկավարը։

Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին, «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին և առաջարկել Կենտրոնական բանկի նախագահին 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ գործնականում պետական կենսաթոշակի, նպաստների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ վճարների արգելադրման, բռնագանձման օրենքով սահմանված սահմանափակումների և ընթացակարգերի լիարժեք պահպանելու վերաբերյալ, այդ թվում՝ քննարկելով թվային գործիքների ներդրման և լուծումների նախատեսման հարցերը։

Վարչապետի երրորդ հանձնարարականը էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրման աշխատանքների վերաբերյալ էր: «Առողջապահության նախարարության կողմից, ըստ Կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված ժամանակացույցի, իրականացվում են էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքները։ Այս փուլում անհրաժեշտ է ապահովել քաղաքային և մարզային ենթակայությամբ գործող բոլոր բժշկական կազմակերպությունների ինտեգրումն էլեկտրոնային առողջապահական համակարգին»,-նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ 15-օրյա ժամկետում քաղաքային և մարզային ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ` օգտատերերի համացանց մուտք գործելու և էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար: Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն կներկայացվի կառավարության աշխատակազմ։

Share