Բաժին. Այլ Լուրեր

Նոր փոստային նամականիշ՝ նվիրված 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային

2018 թվականի հունիսի 04-ին մարվեց և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն․ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ․ Թոմ Քաթինա» թեմային: Այդ մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀայՓոստ-ի պաշտոնական կայքից։

Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 15 000 հատ տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Ավրորա» նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան:

Փոստային նամականիշի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը «Հայփոստ» ՓԲԸ-ն կփոխանցի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը:

Նամականիշի վրա պատկերված է «Ավրորա» մրցանակի երկրորդ դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան, ով փրկել է հազարավոր կյանքեր՝ լինելով Սուդանի Նուբա լեռներում գտնվող, պատերազմից և սովից քայքայված Քարդոֆա նահանգի միակ վիրաբույժը:

Նամականիշի մարումն իրականացրեցին 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Ռիչարդ Միլսը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:

Share