Բաժին. Այլ Լուրեր

Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները նոր թափ են ստացել

Վերջերս  իրանական  կողմի  հետ  կայացած աշխատանքային հանդիպում-քննարկումների արդյունքում նոր թափ են ստացել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները:

«Իրան-Հայաստան 400 կՎ գծի և համապատասխան ենթակայանի կառուցման» ծրագրի շրջանակներում Իրանից Հայաստան են ներկրվում էլեկտրահաղորդման գծի շինարարության համար անհրաժեշտ ապրանքներն ու սարքավորումները: Մայիսից վերսկսվել են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Ընթացքի մեջ են նաև հենարանների համար անհրաժեշտ հողակտորների ձեռքբերման աշխատանքերը, մասնավորապես, նախատեսված 745 հողակտորներից ձեռք է բերվել 693-ը:

Էլեկտրահաղորդման գծի շինարարությունը բաժանված է վեց հատվածների և ընդգրկում է ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերը:

Էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը շուրջ 279 կմ է, որի իրականացման գլխավոր կապալռուն՝ իրանական «Սանիր» ընկերությունն է:   Ծրագրի արժեքը կազմում է՝ 107,9 մլն. եվրո:            

Գծի կառուցումը նպատակաուղղված է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարմանն ու տարածաշրջանային համագործակցության ապահովմանը:

Իրան-Հայաստան 400 կՎ երկշղթա էլեկտրահաղորդման գծի և 400 կՎ «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը հասցնել 1200 ՄՎտ-ի, միաժամանակ բարձրացնել էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը շարունակելու  է  հետևողական լինել, որպեսզի շինարարական  աշխատանքներն իրականացվեն որակյալ և սահմանված ժամանակացուցին համապատասխան:

Share