Բաժին. Այլ Լուրեր

ՀԲԸՄ-ն ներկայացնում է էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) մշակել է կրթական և զբոսաշրջային մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի մի շարք, ինչպես նաև ընտանիքների համար նախատեսված հավելվածներ, որոնք անդրադառնում են Հայաստանի մասին ամենատարբեր թեմաների: Ամենանոր հավելումը «Վայոց Ձոր» վերնագրով բազմաբովանդակ էլեկտրոնային գիրքն է, որը ստեղծվել է Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվող և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Իմ Հայաստան»  ծրագրի հետ  համագործակցության արդյունքում:
 
Հայաստանի Վայոց Ձորի մարզը բազմաթիվ հնագույն հուշարձանների ու տեսարժան վայրերի բնօրրան է, այդ թվում՝ Արենի-1 քարանձավային համալիրը իր ամենահին Արենի-1 գինեգործարանով, 8-րդ դարի Թանահատ վանքը, 10-րդ դարի Սմբատաբերդ ամրոցը և 13-րդ դարի Նորավանք վանական համալիրը: Վայոց ձորը նաև Ջերմուկի բուժիչ աղբյուրների ու հանքային ջրավազանների հայրենիքն է:
 
Գիրքը նախատեսված է ճանապարհորդների, բնության ու պատմության սիրահարների համար և ներառում է ինտերակտիվ քարտեզներ, սահիկներ, տեսանյութեր, 360 աստիճանի համայնապատկերային լուսանկարներ և աուդիո պատմություններ, որոնք ներկայացնում են Վայոց Ձորի ճարտարապետությունը, հնագիտությունը, արկածային ժամանցի հնարավորությունները, խոհանոցը, փառատոնները և մշակութային իրադարձությունները: Ներկայացված են նաև տեղեկատվություն այցելուների համար, ճամփորդության պլանավորման հուշումներ, տեղեկություններ հյուրանոցների, ռեստորանների մասին, ինչպես նաև հայերեն արտահայտությունների զրուցարան:
 
«Վայոց Ձորը» երրորդն է ճանապարհորդների ուղեկից էլեկտրոնային գրքերի շարքում՝ «Բացահայտենք Երևանը» և «Հայկական լեռնաշխարհ» գրքերից հետո: Գրքերը հասանելի են յոթ լեզվով, կարող են անվճար ներբեռնվել սմարթֆոնների, պլանշետների և համակարգիչների մեջ՝ www.agbu.org/armenia/travel կայքէջից:
 
«Հպարտ ենք հայկական հարուստ ժառանգությունն աշխարհին ներկայացնելու մեր առաքելության ընթացքում Սմիթսոնյան ինստիտուտի հետ գործակցության համար», – ասաց ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ դոկտոր Երվանդ Զորյանը: «Նոր էլեկտրոնային գրքում առկա են արդի ստեղծարար լուծումներ՝ Վայոց Ձորի հարուստ և բազմազան բնությունն ու պատմությունը ներկայացնելու համար: Այն կոչված էնպաստելու մարզ այցելող զբոսաշրջիկների թիվը մեծացնելու գործին »:
 
Էլեկտրոնային գրքերից բացի, ՀԲԸՄ-ն մշակել է նաև «Im Armenia» ճամփորդական հավելվածը՝ բոլոր տարիքի երեխաների համար: Այն գործածողներին թույլ է տալիս հետաքրքրաշարժ փաստեր իմանալ Երևանի և շրջակայքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի սիրված վայրերի մասին: Լինելով երկիրը զվարճալի և ինտերակտիվ ձևով երեխաներին ներկայացնող առաջին թվային ուղեցույցը՝ «Im Armenia»-ն գործում է անգլերեն, պորտուգալերեն և ֆրանսերեն լեզուներով եւ միաժամանակ որոշ հիմնական բառեր է սովորեցնում արևելյան հայերենով: «Im Armenia» հավելվածը ներբեռնելու համար այցելեք www.agbu.org/armenia/travel կայքէջ կամ ձեր հավելվածների խանութում:

Share