Բաժին. Այլ Լուրեր

Արմեն Սարգսյանն այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, ծանոթացել գիտական հաստատության ընթացիկ գործունեությանն ու միջազգային համագործակցության ծրագրերին: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Նախագահի լրատվական ծառայությունից։

«ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի սրահում նախագահ Սարգսյանին են ներկայացվել արագացուցչի հնարավորությունները, ինչպես նաև ժամանակակից փորձարարական հետազոտությունները, որոնք իրականացվում են արագացուցչի միջոցով:

Արմեն Սարգսյանն այցելել է նաև գերբարձր վակուումային, ճշգրիտ չափումների, եռակցման, նորագույն նյութերի և միկրոսարքերի, փորձարարական կենսաբանության և գերբարձր հաճախականությունների լաբորատորիաներ, ծանոթացել հագեցվածությանն ու պայմաններին:

Շրջայցից հետո Հանրապետության նախագահը, ինստիտուտի ղեկավարության և գիտության ոլորտի պատասխանատուների հետ միասին, հանդիպել է գիտաշխատողների, արագացուցչի վրա իրականացվող հետազոտական ծրագրերում ընդգրկված գիտական խմբերի ներկայացուցիչների հետ, լսել ոլորտի զարգացման վերաբերյալ նրանց կարծիքներն ու մոտեցումները:

Անդրադառնալով գիտության զարգացման հեռանկարներին՝ նախագահ Սարգսյանը կարևորել է գիտական հաստատությունների միջև երկխոսությունը և առկա ձեռքբերումների ու ավանդույթների վրա հիմնված՝ գիտության զարգացման նոր տեսլականի ձևավորումը: Հանդիպման մասնակիցներին նա կոչ է արել մասնակցել այդ տեսլականի ձևավորմանը: «Մենք կարող ենք ունենալ փոքր, բայց շատ բարձր որակի գիտություն, որը մրցունակ կլինի համաշխարհային շուկայում»,-նշել է Հանրապետության նախագահը՝ պատրաստակամություն հայտնելով իր կողմից ամենայն աջակցություն ցուցաբերել ոլորտի զարգացմանը:

Share