Բաժին. Այլ Լուրեր

168 ժամ. Չի բացառվում, որ գազի գինը բարձրանա. փորձագետներ

«Հայ-ռուսական քաղաքական հարթությունում, որն անդրադառնում է նաև տնտեսական կապերի վրա, վերանայումների փուլ է, և այդ վերանայումներից հետո ստեղծված հարաբերություններից է կախված՝ կլինի՞ գնի նվազում, թե՞ ընդհակառակը:

Ներկայումս ունենք իրավիճակ, երբ կան նաև խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս երկկողմ հարաբերություններում ժամանակ առ ժամանակ: Կողմերը փորձում են լուծումներ տալ ստեղծվող խնդիրներին, դրանցից մեկն էլ այսօր գազի գինն է, որը կարտացոլի այն վստահությունը, որ կա հարաբերություններում:

Ակնհայտ է, դրա մասին հրապարակայնորեն խոսել են նաև ՀՀ իշխանությունները, որ ցանկանում են գազի գնի իջեցում: Էժան գազ բոլորն են ցանկանում, բայց գազի գինը նաև քաղաքականություն է, դրանով Ռուսաստանը հստակեցնում է իր ավելի լայն քաղաքականությունը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով 2019-ից Հայաստան մատակարարվելիք ռուսական գազի գնին:

Նա նշել է, որ իր համար ներկայումս տեսանելի չէ, թե որքանով են կողմերը հաջողել լուծել այն խնդիրները, որոնք առաջացել են, ըստ էության, դեռ դրանք պահպանվում են, ուստի դժվար է ասել, թե ինչ համաձայնության կգան կողմերը: «Չի բացառվում, որ բարձրանա գինը»,- ասել է նա: Եթե խոսենք տնտեսական բաղադրիչի մասին, ապա, նրա խոսքով, այստեղ բավականին ծավալուն աշխատանքի կարիք կա:

Ռուս քաղաքական մեկ այլ վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը ևս կարծում է, որ գազի գինը ոչ այնքան տնտեսական հարց է, որքան քաղաքական: Ըստ նրա՝ գազի գնի շուրջ բանակցությունների ելքը, այսինքն՝ որոշումը, ցույց կտա հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս որակը, քանի որ ամեն ինչ չէ, որ հասկանալի է:

Share