Բաժին. Այլ Լուրեր

Աշխատանքային հարաբերությունները կարգավորելու և շահերի պաշտպանության անհրաժեշտություն կա

Աշխատանքային հարաբերությունների երեք կողմերը՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Գործատուների հանրապետական միությունը և Արհմիությունների կոնֆեդերացիան աշխատողի և գործատուի հարաբերությունները կարգավորելու նպատակով դեկտեմբերի 26-ին երկարաձգեցին կնքված կոլեկտիվ պայմանագիրը: Պայմանագիրը միտված է աշխատողների և գործատուների շահերի պաշտպանության ապահովմանը:

«Եռակողմ կոլեկտիվ պայմանագիրը Հայաստանում առաջին անգամ ստորագրվել է 2009-ին:  Դրան մասնակցում են աշխատանքային հարաբերությունների բոլոր կողմերը՝ գործատուները, կառավարությունն ու աշխատողները: Այս ձևաչափը հնարավորություն է ստեղծում համաձայնեցնել երեք կողմերի շահերը: Աշխատանքային հարաբերությունները կարգավորելու և շահերի պաշտպանության անհրաժեշտություն կա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արհմիությունների կոնֆեդերացիայի  նախագահ Էդուարդ Թումասյանը:

Նրա կարծիքով՝ աշխատողի և գործատուի հարաբերությունները կարգավորելու համար կառավարությունը պետք է կանոններ սահմանի, որպեսզի ապահովվի սոցիալական համերաշխություն: Եվ սոցիալական գործընկերությունը կոչված է, որ այդ հակասությունները բանակցությունների միջոցով հարթվեն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը մեծապես կարևորեց պայմանագրի դերը աշխատանքային հարաբերությունները կարգավորելու առումով: Նա նկատեց, որ բազային մակարդակում ունենք աշխատողների անհրաժեշտ պաշտպանվածության մեխանիզմներ:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ մեկ տարով երկարաձգել են պայմանագիրը, քանի որ ունեցել են առաջարկներ, որ եռակողմ կոլեկտիվ պայմանագիրն ավելի բարձր ինստիտուցիոնալ մակարդակի պետք է հասցվի: «Մենք նախատեսում ենք, որ որոշակի դրույթներ և բաժիններ պետք է վերանայվեն ու փոփոխվեն: Համայնքներում, նաև ճյուղային մակարդակներում սոցիալական գործընկերությունը խթանելու կարիք կա: Իսկ այդ իրավիճակում առավել կարևոր է երեք գործընկերների համերաշխությունը»,-ասաց Մակարյանն ու հավելեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են եղել աշխատանքի անվտանգության, աշխատանքային հարաբերությունների, իրավունքների խնդիրները, աշխատավարձի քաղաքականությունը:

Մակարյանը նշեց, որ սկզբում պայմանագրի երեք կողմերի հարաբերությունները հարթ չեն ընթացել, կողմերից յուրաքանչյուրը փորձել է պահանջներ ներկայացնել: Այնուհետև հասկացել են, որ պետք է իսկապես հարթ ճանապարհով ընթանան: Մակարյանն այդ պայմանագրի  հաջողությունը համարեց այն, որ արդեն ունեն որոշակի տեսակետներ նվազագույն աշխատավարձի քաղաքականության բնագավառում՝ հաշվի առնելով աշխատաշուկա մտնող երիտասարդների և կրթությունից բխող խնդիրները: «Կարող են դիտարկվել նվազագույն աշխատավարձի ավելի բարձր կամ ցածր տարբերակներ՝ ելնելով նրանից, թե որ ոլորտներում պետք է խթանվի աշխատուժի ինտեգրումը: Մենք նաև խթանել ենք կազմակերպություններում երկկողմ կոլեկտիվ պայմանագրերի ստորագրումն աշխատողների և ղեկավարների միջև: Աշխատանքի անվտանգության, պաշտպանության վերաբերյալ էական քայլեր ենք արել՝ այդ  ռազմավարությունը, մշակույթը գործատուների շրջանակում ներկայացնելու համար»,-նշեց նա:

Share