Բաժին. Այլ Լուրեր

Կոնվերս բանկ. Երևանում համերգներով հանդես կգա արգենտինահայ հայտնի երգահան Ալիսիա Թերզյանի «Էնկուենտրոս» խումբը

Ապրիլի 12-ին և 18-ին Երևանում  համերգներով հանդես կգա արգենտինահայ հայտնի երգահան Ալիսիա Թերզյանի  «Էնկուենտրոս» խումբը: Համերգը կազմակերպվում է արգենտինահայ գործարար, բարերար Էդուրադո Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերությունների՝  Կոնվերս Բանկի, Karas Wines-ի և «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի  կողմից:  Համակազմակերպիչն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:

«Սա «Էնկուենտրոս»  խմբի երրորդ այցն է Հայաստան: Արգենտինական երաժշտությունը միշտ էլ գրավել է  հայ հանդիսատեսին, որը մեզ ընդունել է մեծ ջերմությամբ : Հուսով ենք, այս անգամ ևս ջերմ ընդունելություն կունենանք հայ հանդիսատեսի կողմից, ինչպես նաև Հայաստանը ճանաչելու նոր հնարավորություններ »,- ասել է խմբի երաժիշտ Սերխիո Պոլիցցին:

«Էնկուենտրոս»  խումբը հիմնադրվել է 40 տարի առաջ՝ գոյության ողջ ընթացքում տարբեր երկրներում հանդիսատեսին ներկայացնելով XX և XXI դարերի երաժշտությունը: Լինելով շատ արգենտինացի կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարող՝ Ալիսիա Թերզյանի խումբը նրանց համար ճանապարհ է  հարթել դեպի մեծ բեմեր:Այսօր էլ խումբը մեծ հաջողությամբ ելույթներ է ունենում աշխարհի տարբեր անկյուններում՝ իր արվեստի շուրջ համախմբելով դասական և ժամանակակից երաժշտության, երգարվեստի և պարարվեստի սիրահարներին:

«Հայաստան այս ճամփորդությունը ևս մի հանդիպման հնարավորություն է մի երկրի հետ, որը նաև ծնողներիս երկիրն է, ու շնորհակալություն ասել Էդուարդո Էուրնեկյանին՝ իմ լավ ընկերոջը, մեծ գործարարին, Արգենտինայում, Հայաստանում ու ողջ աշխարհում հայտնի մեկենասին: Սա մեզ համար իրոք արտակարգ փորձառություն է լինելու ու մենք շատ երջանիկ ենք, որ նորից ենք հանդիպելու հայ հանդիսատեսին ու հատկապես՝ մեզ ծանոթ հայ մեծ երաժիշտներին, կատարողներին, կոմպոզիտորներին, նրանց հետ նշելով խմբի հիմնադրման 40- ամյակը»,- ասել է Ալիսիա Թերզյանը:

Համերգների ընթացքում կհնչեն հայտնի կոմպոզիտորների՝ այդ թվում Աստոր Պիացոլլայի, Անիբալ Տրոյլոյի, ինչպես նաև Ալիսիա Թերզյանի  ստեղծագործություններ, կներկայացվեն պարային կատարումներ և երգեր:

Share