Բաժին. Այլ Լուրեր

Առաջարկում է Երևանի բնակելի տարածքներում երթևեկության արագությունը 60 կմ/ժ-ից իջեցնել 50 կմ/ժ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի ավագանու նիստի ժամանակ առաջարկեց բնակելի տարածքներում երթևեկության սահմանված  արագությունը 60 կմ/ժ-ից իջեցնել 50 կմ/ժ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարությանի կարծիքով արագության նվազեցումը չի խոչընդոտի երթեւեկությանը:

«Շատ քաղաքներում նվազեցրել են շարժման արագությունը: Եթե մենք պատրաստ ենք դրան, կարող ենք 60 կմ/ժ իջեցնել 50-ի: Ինձ համար զարմանալի է, որ 8 գծանոց լայն փողոցում կա չկարգավորվող անցում և միաժամանակ 70 կմ/ժամ արագության թույլտվություն: Այստեղ ոչ մի տրամաբանական բան չկա»,- շեշտեց քաղաքապետը:

Անդրադառնալով Երևանի բոլոր անցումների վրա հատուկ լուսավորություն լինելու հարցին՝ Մարությանը նշեց, որ ինքը հանձնարարություն է տվել, որպեսզի գույքագրվեն ամենամութ և վտանգավոր անցումները:

«Միանգամից ամբողջ քաղաքում դա չենք կարող անել: Սկզբում կլուսավորվեն ամենամութ և ամենավտանգավոր անցումները»,- շեշտեց Երևանի քաղաքապետը:

Share