Բաժին. Այլ Լուրեր

Գործադիրը միջոցներ է հատկացրել Երևանի քաղաքապետարանին՝ Կ. Դեմիրճյանի արձանի նախագծային աշխատանքների համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու, ՀՀ 2019 թ.պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Նախագծի ընդունումը պայմանավորված է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի նախագծային աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ, համաձայն որի՝ նախատեսվում է Երևան համայնքին սուբվենցիա տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 3,281.0 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ: Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ձեռք բերել Կարեն Դեմիրճյանի արձանի նախագծանախահաշվային փաստաթղթերը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ տեղն առաջարկվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, և Կարեն Դեմիրճյանի ընտանիքը համաձայնվել է: «Մենք գիտենք, որ Կարեն Դեմիրճյանի արձանը տեղադրելու հետ կապված շատ վաղուցվանից կա որոշում: Ի սկզբանե նախատեսված էր այդ արձանը տեղադրել Մաշտոցի պողոտայում, բայց ինչ-ինչ հանգամանքներով՝ տարածքում քաղաքաշինական զարգացումների բերումով, նաև այդ տեղը կարծես ընտանիքի համար նույնպես պակաս ընդունելի դիտվեց, և առաջացավ այդպիսի գաղափար նոր տեղ փնտրել-գտնելու վերաբերյալ: Ի վերջո, Երևանի քաղաքապետարանն առաջարկեց Մարզահամերգային համալիրի դիմաց տեղադրել արձանը: Կառավարությունը համաձայն է, ընտանիքը նույնպես համաձայն է, ներկայացվել է նաև արձանի մակետը, որը նույնպես ընդունելի է և՛ քաղաքապետարանի, և՛ ընտանիքի կողմից: Մենք հիմա պաշտոնապես ընթացք ենք տալիս գործընթացին», – ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին հետևողական լինել պատշաճ ժամկետների պահպանման հարցում և տեղեկութուն ներկայացնել աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Share