Բաժին. Այլ Լուրեր

Մի խումբ երիտասարդ դասախոսներ հանդես են գալիս «Ես համալսարանական եմ» նախաձեռնությամբ

Երևանի պետական համալսարանի մի խումբ երիտասարդ դասախոսներ հանդես են գալիս «Ես համալսարանական եմ» նախաձեռնությամբ, որի նպատակն է Համալսարանի գործունեության հետ կապված տարբեր ոլորտներում առկա խնդիրների վերհանումը, դրանց լուծման հետ կապված տեղական և միջազգային առաջավոր փորձի և սեփական մոտեցումների քննարկումը։ Նախաձեռնության հիմնական բովանդակությունը տարբեր խնդիրներ արտահայտող թեմաների մասնագիտական-փորձագիտական քննարկումն է նախաձեռնող խմբի անդամների, Համալսարանի այլ դասախոսների, ուսանողների, արտահամալսարանական շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ։

Առաջին քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 17–ին՝ ժամը 19.00-ին, «Լոֆթ» ակումբում (Մոսկովյան 3) «Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգը և կադրային քաղաքականությունը ԵՊՀ-ում» թեմայով։ ԵՊՀ-ում մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի վերաբերյալ զեկուցմամբ հանդես կգա քաղաքական ինստիտուտների և պրոցեսների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը, զեկուցման փորձագիտական գնահատմամբ հանդես կգա կրթության փորձագետ, Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի որակի ապահովման և բարեփոխումների կենտրոնի ղեկավար, նույն բուհի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ Ռոբերտ Խաչատրյանը։

Զեկուցման և քննարկման թիրախներն են․

– ԵՊՀ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի ներկայացումը, խնդիրների վերհանումը,

– Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի որոշ տարրերի հետ կապված առաջավոր փորձի ներկայացումն ու քննարկումը,

– Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի զարգացման ռազմավարության հիմնատարրերի նախանշումն ու ձևակերպումը։

«Ես համալսարանական եմ» նախաձեռնություն

Share