Բաժին. Այլ Լուրեր

Վիգեն Հակոբյան. Հայաստանն աշխարհին պետք է ներկայանա ինտելեկտուալ ռեսուրսով

«Ժողովրդավարությունը լավ վաճառվող ապրանք չէ», – ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ու նկատում՝ աշխարհում տարեկան մի քանի հեղափոխություն է լինում, բայց գլխավորն այդ իրողությունը չէ, այլ այն, ինչ լինում է հեղափոխությունից հետո։

«Հեղափոխությունից հետո բոլորին հետաքրքրում է՝ արդյոք այդ երկրում կա համապատասխան մթնոլորտ, ասենք, բիզնեսի համար։ Այս 2 տարվա պրակտիկան ցույց է տալիս, որ Հայաստանը լուրջ թերացումներ ունի, որ դեռ չի հաջողվում համոզել ներդրողներին բազմաթիվ հնարավորություններից ընտրել հենց Հայաստանը», – ասում է քաղտեխնոլոգն ու հիմնավորում՝ հնարավոր պատճառները մատնանշելով։

«Ես կարծում եմ՝ մենք սխալ մեսիջներ ենք ուղարկում աշխարհին, սխալ մեսիջներ ենք ուղարկում ներդրողներին։ Մենք շատ ավելի վատ ենք ներկայացնում մեր իրավիճակը, քան կա», – Հակոբյանը կարծում է, որ ժամանակն է իշխանություն-ընդդիմություն, սև-սպիտակ բաժանումները մի կողմ դնել ու մեր պետության միջազգային իմիջի օգտին միասնական աշխատանք տանել։

Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ լավ է, որ Հայաստանին անդրադառնում է միջազգային մամուլը, վճարված գովազդային պատվերով, թե առանց, էական չէ, բայց Հակոբյանը հույս ունի, որ Հայաստանի ներքին կյանքն էլ նույնչափ գրավիչ կլինի, որքան արտաքին լսարանի համար նախատեսված հրապարակումներն են։

Share