Բաժին. Այլ Լուրեր

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 84-ի, միայն 2-ն ունեն թոքաբորբ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 84 դեպքից միայն 2 անձ ունի թոքաբորբ, բայց նրանց վիճակը լավ է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«84 մեր հայրենակիցներից ընդամենը 26 հոգի ունեն 37-ից բարձր ջերմություն, ընդամենը 6 հոգի ունեն 38 և բարձր ջերմություն, 39 աստիճան ջերմություն ունեցող պացիենտ մենք չունենք: 2 հոգի թոքաբորբ ունի, այս պահի դրությամբ երկուսի վիճակն էլ լավ է: Մեկն ունի 36.5 աստիճան, մյուսը՝ 37.3 աստիճան ջերմություն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ կորոնավիրուսով վարակված և ռիսկային տարիքային խմբի անձանց հետ կապված խնդիրներ չկան:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Share