Բաժին. Այլ Լուրեր

Վերին Գետաշենում կառուցվելու է ոռոգման ջրատարի ներիքն ցանց

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կառուցվելու է ոռոգման ջրատարի ներքին ցանց՝ 2100 գծամետր երկարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 42 միլիոն 635 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 29 միլիոն 845 հազար դրամը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 12 միլիոն 790 հազար դրամը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը: Վերին Գետշեն համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանի հավաստմամբ՝ ոռոգման համակարգը կառուցվելու է 13 թաղամասերում, տարբեր տրամաչափերի երկաթյա խողովակներով կամ կիսախողովակներով: Շինարարական աշխատանքների համար մրցույթը հայտարարված է, հաղթող կազմակերպությունն արդեն հայտնի է, որի հետ արդեն կնքվել է համապատասխան պայմանագիր: «Գյուղի 13 թաղամասերում գործում են հողե առուներ, որոնցում ջրի կորուստը շատ մեծ է: Կառուցվող համակարգը նվազագույնի կհասցնի այդ կորուստները, միաժամանակ ջուրը սպառողներին կհասնի արագ ու ժամանակին: Կարվի  հնարավորը, որպեսզի համակարգը շահագործման պատրաստ լինի ոռոգման շրջանի մեկնարկից:  Շինարարական աշխատանքները կսկսվեն մեկ շաբաթից»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

 

Խոսրով Խլղաթյան

Share