Ինտերնետը Հայաստանում | 14:10 31/01/17

Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում - 2016թ. III եռամսյակ

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2016թ.-ի III եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները: Սույն հաշվետվությունների հիման վրա կատարած վերլուծությունների արդյունքում «Բիզնես 24»-ը կներկայացնի Հայաստանում Ինտերնետ շուկայի հիմնական միտումները:

Բաժանորդների թիվ

Բաժանորդների թվով առաջատարն է Ucom ընկերությունը: 2016թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ Ucom-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 81,535, ինչը 2016թ երկրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 1,682-ով, իսկ 2015թ. երրորդ եռամսյակի ցուցանիշից ավել 9,873 բաժանորդով: Միևնույն ժամանակ, Ucom-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 124,659, ինչը 2016թ․երկրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 3,836-ով, իսկ 2015թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թիվը կրճատվել է 6,086 բաժանորդով: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2016թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 266,434: Այս ցուցանիշը 2016թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 1,461-ով, իսկ 2015թ․երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է կրճատում 18,235 բաժանորդով:

Բաժանորդների թվով երկրորդն է Beeline-ը: 2016թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ Beeline-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 140,327, ինչը 2016թ երկրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս է 2,280-ով, իսկ 2015թ.երրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս 8,672-ով: Միևնույն ժամանակ, Beeline-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 50,113, ինչը 2016թ․երկրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 7,469-ով, իսկ 2015թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թվի աճը կազմել է 8.609 բաժանորդ: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2016թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 365,042: Այս ցուցանիշը 2016թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 27,147-ով, իսկ 2015թ․երրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 27,991 բաժանորդ:

Վիվասել-ՄՏՍ-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) 2016թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 72,368: 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 4,763-ով, իսկ 2015թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 101 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 68,601-ով և կազմել 1,259,602, իսկ 2015թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 219,591 բաժանորդով:

Ռոստելեկոմի բաժանորդների թիվը 2016թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 36,972: Սույն ցուցանիշը 2016թ. երկրորդ եռամսյակի համանման ցուցանիշը գերազանցում է 1,153-ով, իսկ 2015թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 5,811-ով:

Interactive-ի բաժանորդների թիվը 2016թ. երրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 5,411, ինչը 2016թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 199-ով, իսկ 2015թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշը՝ 581-ով:

Այլ պրովայդերների բաժանորդների թիվը մեր կողմից գնահատվում է Հայաստանում ինտերնետ բաժանորդների ընդհանուր թվի 2%-ի շրջակայքում՝ մոտ 10,430:

Այսպիսով, 2016թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում ինտերնետ բաժանորդների թիվը կազմում է մոտ 521,800, ինչը  մոտ 17.200 բաժանորդով ավել է քան 2016թ. երկրորդ եռամսյակի ցուցանիշը և մոտ 10,200-ով ավել, քան 2015թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշը:

Հեռահաղորդակցական ընկերությունների ունեցած մասնաբաժիններն ըստ ինտերնետ բաժանորդների քանակի հետևյալն է. 1. Ucom - 39.51% (-0.25 տոկ. կետ 2016թ. II եռ. նկատմամբ), 2. Beeline - 36.50% (-0.21), 3. Vivacell-MTS - 13.87% (+0.47), 4. Rostelecom - 7.08% (-0.02), 5. Interactive - 1.04% (+0.01), Այլ - 2%:

Բջջային ինտերնետ

Բջջային ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) հետևյալն է. 1. Ucom - 124,659 (+3,836, 2016թ. II եռ. համեմատ), 2. Vivacell-MTS - 72,368 (+4,763), 3. Beeline - 50,113 (+7,469): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Ucom - 50.44% (-1.85 տոկ. կետ,  2016թ. II եռ. համեմատ), 2. Vivacell-MTS - 29.28% (+0.03), 3. Beeline - 20.28% (+1.82):

Բջջային ինտերնետի (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաժանորդների ընդհանուր քանակը 247,140 է: 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 16,068-ով, իսկ 2015թ. երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 2,422 բաժանորդ:

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների բաշխվածությունը հետևյալն է. 1. Vivacell-MTS - 1,259,602 (+68,601, 2016թ. II եռ. համեմատ), 2. Beeline - 365,042 (+27,147) , 3. Ucom - 266,434 (+1,461): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Vivacell-MTS - 66.61% (+0.21, 2016թ. II եռ. համեմատ), 2. Beeline - 19.30% (+0.47), 3. Ucom - 14.09% (-0.68):

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը 1,891,078 է: 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 97,209-ով, իսկ 2015թ. երրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 229,347 բաժանորդ։

Բաժանորդների ակտիվություն

«Բաժանորդների ակտիվության» ցուցանիշները ստանալու համար վերցվել են հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվող «Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOaU, MbOU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների: «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշներն ըստ էության այն ցուցանիշներն են, որոնք անցած մի քանի տարիների ընթացքում ներկայացվում էին «Բիզնես 24»-ի և «Circle.am»-ի կողմից հրապարակվող «Ինտերնետը Հայաստանում» զեկույցներում:

Այսպիսով, «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Beeline - 40.87% (+0.70 տոկ. կետ, 2016թ. II եռ. համեմատ), 2. Ucom - 35.93% (-1.05), 3. Rostelecom - 14.56% (+0.07), 4. Vivacell-MTS - 5.76% (+0.23), 5. Interactive - 0.88 (+0.05), Այլ - 2%:

Մասնաբաժին շուկայում՝ ըստ հասույթի

Հեռահաղորդակցական ընկերությունների բաժանորդներից ստացված հասույթի մասնաբաժինները ստանալու համար վերցվել են հրապարակված «Ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ (ARPU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների:

Այսպիսով, «Բաժանորդներից ստացված հասույթի» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Ucom - 45.43% (+0.59 տոկ. կետ, 2016թ. II եռ. համեմատ), 2. Beeline - 29.56% (-0.74), 3. Rostelecom - 11.97% (-0.04), 4. Vivacell-MTS - 8.71% (+0.47), 5. Interactive - 2.33% (-0.28), Այլ - 2%: