ԻՆՏԵՐՆԵՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ – ՄԱՐՏ 2010

«Ինտերնետը Հայաստանում» երկրորդ զեկույցի մեջ ամփոփվել են հայկական ինտերնետում մարտ ամսին գրանցված ցուցանիշները: Զեկույցը բաղկացած է «Ընդհանուր տվյալներ», «Հայաստանի առաջատար պրովայդերներ», «Հայկական առաջատար կայքեր» և «Գովազդը հայկական ինտերնետում» բաժիններից: Զեկույցի համահեղինակներն են «Circle.am» (www.circle.am) և «Բիզնես 24» (www.b24.am) նախագծերը:

Զեկույցի տվյալներից օգտվելու դեպքում հղումը «Circle.am»-ին և «Բիզնես 24»-ին (www.b24.am) (ինտերնետում` ակտիվ հղում` (..a href=..))պարտադիր է:

Մենք շնորհակալ ենք բոլոր այն առաջարկությունների և կարծիքների համար, որոնք ստացել ենք առաջին զեկույցի հրապարակումից հետո:

Զեկույցի հիմքում ընկած մեթոդաբանության մեջ փոփոխություններ չկան: 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ

«Circle.am»-ում գրանցված կայքերի այցելությունների քանակը մարտ ամսին կազմել է 10,08 միլիոն, իսկ էջերի դիտումներինը` 51,74 միլիոն: Երկու ցուցանիշներով էլ փետրվար ամսվա նկատմամբ գրանցվել է աճ. այցելություններ` 15,3%, էջերի դիտումներ` 13,4%:

Հետազոտությունները և հաշվարկները ցույց են տալիս, որ արձանագրված աճը հիմնականում պայմանավորված է երկու հանգամանքով` «Circle.am»-ում գրանցված նոր կայքեր և Հայոց Մեծ Եղեռնի ճանաչման գործընթաց ԱՄՆ-ում:

Ա) Մարտ ամսվա ընթացքում «Circle.am»-ում գրանցված կայքերի քանակն աճել է 12%-ով (120 կայք): Ավելացած կայքերի գերակշռող մեծամասնությունն, իհարկե, այցելությունների մեծ քանակություն չունի, սակայն կան նաև նախագծեր, որոնք արդեն հասցրել են հայտնվել առաջատար 100 կայքերի ցուցակում:

Բ) Բնական է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գլխավոր հիմնախնդիրների շուրջ ակտիվացումները միշտ բերում են լրատվական կայքերի այցելությունների թվի աճի: Մարտի 4-ի լույս 5-ի գիշերը ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծի ընդունումը և դրանից հետո ծավալված բուռն քննարկումները զգալիորեն ավելացրեցին լրատվական կայքերի այցելությունների ցուցանիշները: Առաջին հերթին խոսքը վերաբերում է այն ինտերնետային լրատվական նախագծերին, որոնք ներկայացված են Google News-ում: Լրատվական կայքերի այցելությունների աճի մեծ մասը բաժին է ընկնում արտասահմանին:

Հայաստանյան այցելություններ

Մարտ ամսին «Cicle.am»-ում գրանցված հայաստանյան այցելությունների քանակը 3.95 միլիոն է, ինչը կազմել է ընդհանուր այցելությունների թվի (10.08 միլիոն) 39%-ը: Փետրվար ամսվա տվյալների համեմատ` հայաստանյան այցելությունների քանակը նվազել է 2 տոկոսային կետով: Վերոնշյալ Բ) գործոնը լիովին բացատրում են հայաստանյան այցելությունների մասնաբաժնի կրճատման պատճառները:

Հայաստանյան այցելությունների մասնաբաժիններն ըստ «Circle.am»-ի ենթաբաժինների.

Art, Culture and History – Հայաստան` 75,012 (24.69%), ամբողջը` 303,819: Business, Finance and Career – Հայաստան`  721,535 (76.58%), ամբողջը` 942,218: Computers and Internet –  Հայաստան` 138,795 (57.96%), ամբողջը` 239,461: Education and Science – Հայաստան` 137,451 (61.72%), ամբողջը` 222,702: Entertainment and Rest – 710,751 (29.59%), ամբողջը`   2,402,327: Government and Organizations – Հայաստան` 135,014 (63.49%), ամբողջը` 212,641: News, Media and Reference – Հայաստան` 1,445,460 (41.69%), ամբողջը` 3,467,412: People, Blogs and Personal – Հայաստան` 115,366 (43.45%), ամբողջը` 265,502: Recreation, Sport and Health – Հայաստան` 153,530 (52.36%), ամբողջը` 293,199: Diaspora and Embassies abroad – 6,371 (6.06%), ամբողջը` 105,197: Home and Real Estate – Հայաստան` 11,728 (56.68%), ամբողջը` 20,690: Kids and Teens – Հայաստան` 10,940 (73.24%), ամբողջը` 14,937: Portals, Forums and Special – Հայաստան` 288,895 (18.14%), ամբողջը` 1,592,444:

Այսպես, հայաստանյան այցելությունների ամենամեծ տոկոսն արձանագրվել է «Business, Finance and Career» ենթաբաժնում` 76%, իսկ ամենափոքր տոկոսը` 6%, «Diaspora and Embassies abroad» ենթաբաժնում: Այս ամենի բացատրությունը շատ պարզ է: Հայկական բիզնեսով հետաքրքրվողների մեծամասնությունը Հայաստանից են, իսկ սփյուռքի կայքեր հիմնականում այցելում են արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները: Պետք է նշել, որ որոշ ենթաբաժիններում հայաստանյան այցելությունների ցուցանիշը մեծ կախվածություն ունի տվյալ ենթաբաժնում ներկայացված որոշ կայքերից: Օրինակ` առաջատար «Hamovhotov.com» կայքը կտրուկ փոխում է «Portals, Forums and Special» ենթաբաժնի Հայաստան/Աշխարհ այցելությունների պատկերը:

Արտասահմանյան տրաֆիկի հիմնական աղբյուրներ են.

ա) Սփյուռքահայերի այցելություններ,
բ)  Ոչ հայկական այցելություններ` այցելուներ, որոնք հետաքրքրված են Հայաստանով և հայերով,
գ)  Ոչ հայկական այցելություններ` դեպի ոչ–հայկական պարունակություն (content), պատահական կամ «գնված» այցելուներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐ

Հայաստանի առաջատար 10 ինտերնետ պրովայդերների ցուցանիշները որոշվում են սույն պրովայդերների և AMNet ցանցին միացած այլ ընկերությունների IP-ներից` վերջին մեկ ամսվա ընթացքում Circle.am-ում գրանցված այցելությունների հիման վրա:

Մարտի ընթացքում Հայաստանի առաջատար 10 պրովայդերների ցուցակում դասակարգման առումով փոփոխություններ չեն եղել: Ցուցակը կրկին մեծ առավելությամբ գլխավորում է «Beeline»-ը, որի մասնաբաժինն աճել է 0,08 տոկոսային կետով և կազմել 38,56%: Երկրորդ տեղում «Օրանժ Արմենիա»-ն է` 12,38%, աճ 0,11 տոկոսային կետով: Մարտի ընթացքում զգալիորեն` 0,96 տոկոսային կետով, նվազել է «Վիվասել-ՄՏՍ»-ի մասնաբաժինը և կազմել 10,73%: «ADC» ընկերության մասնաբաժինը նվազել է 0,02 տոկոսային կետով և կազմել 7,74%: 5-րդ տեղը զբաղեցնող «Arminco» ընկերության մասնաբաժինն աճել է 0,51 տոկոսային կետով և կազմել 7,34%: «Cornet AM»-ի ցուցանիշն աճել է` 0,1 տոկոսային կետով և կազմել 5,09%: iCON-ի ցուցանիշը չի փոխվել` 4,29%: «Ucom»-ի մասնաբաժինը մարտ ամսվա ընթացքում աճել է 0,1 տոկոսային կետով և կազմել 2,48%: 0,1 տոկոսային կետով աճել է նաև «Web»-ի ցուցանիշը և կազմել 1,67%: Առաջին տասնյակը եզրափակող «Bionet» ընկերության ցուցանիշն աճել է 0,03 տոկոսային կետով և կազմել 1,39%:

Ընդհանուր առմամբ առաջին 10 պրովայդերներին բաժին է ընկնում այցելությունների 91,7%-ը, ինչն անցյալ ամսվա ցուցանիշին զիջում է 0,03%-ով:

Մեր կողմից ստացված տվյալների համաձայն «Fibernet» ընկերության IP հասցեներով գրանցվել է ընդհանուր այցելությունների 1.73%, սակայն մենք, ինչպես և փետրվարին, չենք ընդգրկել սույն ընկերությունը մեր կողմից կազմված պրովայդերների առաջատար տասնյակում, քանի որ «Firbernet» ընկերությունը չի զբաղվում մանրածախ ինտերնետի վաճառքով, և, հետևաբար, սույն այցելությունների ծավալը կարող է պատկանել մանրածախ ինտերնետի վաճառքով զբաղվող զանազան ընկերությունների, որոնք օգտվում են «Fibernet»-ին պատկանող IP-հասցեներից:

Մրցակցությունը սրվում է

Մոտ ապագայում Հայաստանի մանրածախ ինտերնետի շուկայում աճի տեմպերն, ընդհանուր առմամբ, կլինեն ցածր: Ակնհայտ է, որ անցյալ տարվա վերջին և այս տարվա սկզբին արձանագրված կտրուկ աճի տեմպերը չեն պահպանվում: Այս իսկ պատճառով պրովայդերները հիմնականում զբաղված կլինեն մրցակիցների հաճախորդների «որսով»: Առաջին թիրախը, բնականաբար, կլինի «Beeline»-ը` մասնավորապես Hi-Line ծառայության Երևանյան հաճախորդները:

Մարտ ամսվա ընթացքում միանգամից մի քանի պրովայդերներ հայտարարեցին լայնամասշտաբ ակցիաների և իրենց ծառայությունների աշխարհագրության ընդլայնման մասին: Այսպես, iCON-ը պատրաստվում է ծածկույթ ապահովել ամբողջ քաղաքում: ADC-ի էլեկտրական լարերի միջոցով ինտերնետ մատուցող Fastclick ծառայությունը նույնպես բավական գրավիչ է: Մարտի տվյալները ցույց են տալիս, որ բավական լավ վիճակում է գտնվում Arminco-ն, որն արագ և, ինչպես տեսնում ենք, հաջող կերպով ընդլայնում է իր օպտիկամանրաթելային ցանցը: Իսկ Ucom-ի կտրուկ առաջընթացի հնարավորություններն ամենամեծն են թվում: Նորաբաց պրովայդերն արդեն այսօր աննախադեպ գնով ինտերնետ է տրամադրում: Դրան գումարած` ինտերակտիվ հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայությունները շահեկան առավելություն են տալիս ընկերությանը: Այստեղ հարցը միայն նրանում է, թե որքան արագ Ucom-ը կտարածի իր ցանցը:

Beeline-ի համար լուրջ խնդիրներ կարող են առաջացնել նաև հաճախորդների դժգոհությունները, որոնք վերջին շրջանում ավելի հաճախակի բնույթ են  կրում: Ամեն դեպքում, ընդգծված առաջատարի իր դիրքերը պահպանելու համար Beeline-ը դեռևս մեծ ռեսուրսներ ունի: Անգամ այսօր Երևանի որոշ շրջաններում Hi-Line-ը մնում է նորմալ ինտերնետ ունենալու միակ մատչելի միջոցը, և քանի դեռ հիմնական մրցակիցները չեն կարողանում գոնե Երևանի ամբողջ տարածքում նույն կարգի ծառայություններ մատուցել, առաջատարը չի շտապում կտրուկ միջոցներ ձեռնարկել և սահմանափակվում է անվճար գրանցմամբ և մոդեմների տրամադրմամբ, այս ամենը, իհարկե, մեկ տարվա պայմանագրի առկայության դեպքում: Նշենք նաև, որ Beeline-ի դիրքերի ամրապնդմանը կնպաստի նաև մարտ ամսից Հայաստանի բոլոր մարզերում Hi-Line-ի գործարկումը:

Բջջային ինտերնետ

Մարտի վերջին և ապրիլի սկզբին Հայաստանում բջջային ինտերնետի հետագա զարգացումը նախանշող կարևոր իրադարձություններ տեղի ունեցան: Նախ «Օրանժ Արմենիա»-ն սկսեց iPhone 3GS հեռախոսների պաշտոնական վաճառքը, իսկ օրեր անց Վիվասել-ՄՏՍ-ը հայտարարեց HTC ընկերության հետ պայմանագրի կնքման մասին, որի արդյունքում Հայաստանում կներկայացվեն Google-ի բջջային հեռախոսների համար նախատեսված Android օպերացիոն համակարգով աշխատող HTC հեռախոսները: Այս ամենը, բնականաբար, վկայում է Հայաստանում բջջային ինտերնետի ևս մեկ կարևոր բաղկացուցիչ մասի մեկնարկի մասին:

Բջջային ինտերնետը Հայաստանում դեռևս բավական թանկ է, գումարած դրան` բոլորը չէ, որ իրենց կարող են թույլ տալ iPhone կամ HTC հեռախոսներ: Հետևաբար, չի կարելի սպասել, որ օպերատորների նորամուծությունները միանգամից մեծ տարածում կստանան, սակայն այստեղ կարևորն այն է, որ հայկական ինտերնետում ստեղծվում է զարգացման նոր ուղղություն, ինչը ժամանակի ընթացքում կարտահայտվի կայքերի բջջային տարբերակների և բջջային ինտերնետին բնորոշ այլ ծառայությունների գործարկմամբ:

Հուսանք, որ օպերատորների տեսքով կունենանք շահագրգռված մարմիններ, որոնք կարող են մեծապես նպաստել բջջային օպերացիոն համակարգերում հայերենի ներդրմանը և նոր հարակից ծրագրերի մշակմանը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ 100 ԿԱՅՔԵՐԸ

2010թ.-ի մարտ ամսվա տվյալների համաձայն Circle.am-ում գրանցված հայկական կայքերի առաջին տասնյակում ներկայացված կայքերը նույնն են ինչ փետրվարին, սակայն զբաղեցրած հորիզոնականների առումով տեղի են ունեցել որոշ փոփոխություններ:

Այսպես, մարտ ամսվա արդյունքներով, ինչպես և փետրվարին, ցուցակը գլխավորում է Hamovhotov.com վիդեո պորտալը (այցելությունների քանակը` 781 983 (-59 797)): Girsher.ru վիդեո-պորտալը երկրորդ տեղից հայտնվել է երրորդ տեղում` գրանցելով այցելությունների քանակի զգալի անկում (592 222 (-161 012)): Չնայած այցելությունների քանակի նվազմանը` երրորդ տեղից երկրորդ տեղ է բարձրացել Armenia-Online.ru սոցիալական ցանցը (665 702 (-7 163)): Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած մյուս սոցիալական կայքի մոտ հակառակ պատկերն է: Մասնավորապես, Hayland.am**-ի այցելությունների քանակն աճել է (361 241 (+10 717)) իսկ կայքը ցուցակի 5-րդ տեղից հայտնվել է 7-րդ տեղում:

Առաջին տասնյակի մնացած 6 տեղերը զբաղեցնող 6 լրատվական նախագծերի այցելությունների քանակները զգալիորեն աճել են: Ինչպես և փետրվարին` 4-րդ հորիզոնականում է News.am լրատվական նախագիծը (556 524 (+131 912)): Մեկական տեղով իրենց դիրքերը բարելավել են A1plus.am (392 200 (+57 343)) և Tert.am (382 003 (+79 245)) լրատվական կայքերը: Երկրորդ ամիսն անընմեջ 8-րդ տեղում է ArmeniaToday.info լրատվական նախագիծը (268 511 (+77 995)): Newsarmenia.ru (187 690 (+33 089)) լրատվական նախագիծը 10-րդ տեղից բարձրացել է 9-րդ տեղ, իսկ Aravot.am (175 811 (+10 469)) կայքը 9-րդ տեղից հայտնվել է 10-րդ տեղում: Առաջին տասնյակին ընդհուպ մոտեցել է ևս մեկ լրատվական նախագիծ` Panorama.am-ը (166 890 (+23 400)):

Մարտ ամսին «Circle.am»-ի առաջատար 100 կայքերի ցուցակից դուրս են մղվել 8 կայքեր` Armlove.ru, Edram.am, Taxinfo.am, Azdagir.am, Paparazzi.am, Radioaga.com, Voice.am, NewArmenia.net: Միևնույն ժամանակ, ցուցակում են հայտնվել Kuku.am, Armedu.am, Armeniaonline.ru, Realmadrid.am, Mobile.am, ahousekeeper.livejournal.com, Kangaroo.am և Khachmeruk.com կայքերը:

Հատկանշական է, որ առաջատար 100 կայքերի ցուցակում լրատվական նախագծերի գերակայությունը պահպանվում է: Մարտ ամսվա ընթացքում զգալի աճ են ապահովել առաջատար 100 կայքերի մեջ ներկայացված գրեթե բոլոր լրատվական նախագծերը (պատճառների մասին «Ընդհանուր տեղեկություններ» բաժնում):

Հակառակ պատկերն է գրանցվել վիդեո (մեդիա) պորտալների մոտ` բացարձակ մեծամասնության այցելությունների քանակները փետրվարի նկատմամբ նվազել են: Պատճառները կարող են տարբեր լինել: Այստեղ ակնհայտ է կապը հեռուստատեսության հետ` որևէ հայտնի նախագծի կամ սերիալի ավարտը (ժամանակավոր դադարեցումը) կարող է զգալիորեն ազդել նմանատիպ նախագծերի այցելությունների քանակի վրա:

Ամսվա առաջընթաց – Rate.am` այցելությունների քանակը` 104 397 (+60 092), +28 հորիզոնական, և Kuku.am` այցելությունների քանակը` 38 836 (նորեկ), միանգամից հայտնվել է 50-րդ հորիզոնականում:

Տեխնիկական տվյալներ

Մարտ ամսվա տվյալների համաձայն «Circle.am»-ում գրանցված կայքերի 77%-ի հոսթինգը գտնվում է Հայաստանից դուրս: Փետրվարի տվյալների համեմատ Հայաստանում տեղակայված հոսթինգների ցուցանիշը նվազել է 1 տոկոսային կետով: Սա հիմնականում պայմանավորված է «Circle.am»-ում գրանցված նոր կայքերով և, մասնավորապես, «նորեկների» մեջ բլոգների մեծ քանակությամբ (հիմնականում livejournal.com), որոնք, իհարկե, նժարը թեքում են դեպի արտասահման:

Դոմենների բաշխվածության ցուցակում փետրվարի համեմատ .am դոմենների ծավալը նույնպես նվազել է 1 տոկոսային կետով և կազմել 52%, ինչն, ինչպես և հոսթինգի դեպքում, հիմնականում պայմանավորված է «Circle.am»-ում գրանցված նոր կայքերով` մասնավորապես նրանց մեջ բլոգների առատությամբ: Այս ամենի հետևանքով, բնականաբար, աճել է .com դոմենների ցուցանիշը` շուրջ 1%-ով, և կազմել 28%: Նշենք, որ .ru դոմենների ծավալը կրկին կազմել է 8%, իսկ այլ դոմեն տիրույթներին բաժին է ընկնում 12%-ը:

Google «PageRank»-երի թարմացում

Ինտերնետի համաշխարհային առաջատար Google ընկերությունը PageRank-ի միջոցով ցուցադրում է տվյալ ինտերնետային ռեսուրսի կարևորությունը: PageRank-ը հաշվարկվում է Google-ի կողմից մշակված հատուկ բանաձևով` 10 բալային համակարգով: 8-ից բարձր` «Էլիտա», 6-7` «Միջինից բարձր կամ կարևոր», 3-5` «Միջին նշանակություն ունեցող», 0-2` «Միջինից ցածր կամ սկսնակներ»: Google-ի կողմից PageRank-երի վերջին թարմացումը կատարվել է ապրիլի սկզբին:

«Circle.am»-ի կայքերի PageRank-երը մինչ թարմացումը և թարմացումից հետո.

«Էլիտա» – 8 PageRank – մինչ թարմացումը` 0,2% (www.spyur.am, www.coe.am), թարմացումից հետո` 0,1% (www.coe.am):
«Կարևոր» – 7 PageRank – մինչ թարմացումը` 1,2%, թարմացումից հետո 0,9%: 6 PageRank – մինչ թարմացումը` 7%, թարմացումից հետո 7,7%: Ընդհանուրը – մինչ թարմացումը` 8,2%, թարմացումից հետո 8,6%:
«Միջին» – 5 PageRank – մինչ թարմացումը` 53%, թարմացումից հետո 46%: 4 PageRank – մինչ թարմացումը` 12%, թարմացումից հետո 25,8%: 3 PageRank – մինչ թարմացումը` 7,4%, թարմացումից հետո 8%: Ընդհանուրը – մինչ թարմացումը` 72,4%, թարմացումից հետո 79,9%:
«Ցածր» – 2 PageRank – մինչ թարմացումը` 1,8%, թարմացումից հետո 1,6%: 1 PageRank – մինչ թարմացումը` 1,2%, թարմացումից հետո 0,2%: 0 PageRank – մինչ թարմացումը` 16,2%, թարմացումից հետո 9,6%: Ընդհանուրը – մինչ թարմացումը` 19,2%, թարմացումից հետո 11,4%:

Բարձր PageRank-ով կայքերի թիվը չի փոխվել, իսկ միջին PageRank ունեցող կայքերի թիվը ցածր PageRank ունեցող կայքերի թվի հաշվին աճել է:

Webdesign ստուդիաներ

Հայկական առաջատար 100 կայքերի մարտ ամսվա ցուցակում առավել քանակի նախագծերով ներկայացված Webdesign ընկերությունների եռյակը 7-ական նախագծերով գլխավորում են «Sitemax» և «Smart Systems» ընկերությունները: Փետրվարի համեմատ Top 100 կայքերի ցուցակում երկու առաջատարների կողմից ներկայացված կայքերի թիվը նվազել է մեկական կայքով` դուրս են մղվել voice.am և taxinfo.am կայքերը: Երրորդ տեղում է «Helix» ընկերությունը` 3 նախագիծ:

ԳՈՎԱԶԴԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ

Ինչպես և փետրվարին, մարտ ամսվա ընթացքում ինտերնետային գովազդի Հայաստանի շուկան գնահատելու համար ուսումնասիրվել է մոտ 400 առաջատար կայք: Գովազդատու ընկերությունների վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել վերոնշյալ կայքերում տեղադրված բաններների քանակը, չափը և տեղը, ինչպես նաև այն կայքերի փոխկապակցվածությունը, որոնցում տեղադրված են նույն գովազդները: Այս անգամ առաջատար գովազդատու ընկերություններից բացի անդրադարձ է կատարվել նաև այն գովազդային հարթակներին, որոնք օգտագործվում են հայկական կայքերի կողմից:

Հայկական ինտերնետի առաջատար գովազդատու ընկերություններ

Ընկերությունների ցուցակն, ինչպես և փետրվար ամսին, գլխավորում են Հայաստանի 3 բջջային օպերատորները` Վիվասել-ՄՏՍ, Օրանժ Արմենիա, Beeline հերթականությամբ: Վիվասել-ՄՏՍ-ը կրկին առաջինն է: Իհարկե դժվար է թերագնահատել առաջատար բջջային օպերատորի դերը Հայաստանի ինտերնետային գովազդի շուկայի զարգացման գործում: Տարիներ առաջ Վիվասել-ՄՏՍ-ը հանդիսացավ առաջին խոշոր ընկերությունը, որը սկսեց մեծ ուշադրություն դարձնել ինտերնետային գովազդին և մինչ այժմ հաջողությամբ պահպանում է առաջատարի իր դիրքերը:

Բջջային եռյակին հետևում են բանկերը, որոնց մեջ առաջատար է Ամերիաբանկը: Ակտիվ են նաև Հայէկոնոմբանկը, Կոնվերս, Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան և ՎՏԲ Հայաստան բանկերը: Համակարգիչների վաճառքով զբաղվող ընկերություններից ամենաակտիվը iPhone.am-ն է: Գովազդվում են նաև «Ֆայն» և «LED» համակարգչային խանութները:

Ինչ վերաբերում է հայկական կայքերում արտասահմանյան ընկերությունների կամ նախագծերի գովազդներին, ապա բավական ակտիվորեն գովազդվում են բորսայական գործառնությունների «Alpari» ինտերնետային հարթակը, «Nokia Ovi» բջջային ծրագրերի պորտալը և «Grzoo.de» ինտերնետային խանութը: Հանդիպում են նաև Ճապոնական մեքենաների վաճառով զբաղվող զանազան աճուրդ-կայքերի գովազդներ:

Հատկանշական է, որ հայկական ինտերնետային նախագծերի մեջ հայաստանյան ընկերությունների գովազդների ներգրավման ծավալներով լրատվական կայքերի բացարձակ առավելությունը պահպանվում է:

Կցանկանայինք նաև խոսել Odnoklassniki.ru սոցիալական ցանցի մասին: Իհարկե, սույն սոցիալական ցանցը հայկական նախագիծ չէ, սակայն Հայաստանի համար առանձնացված գովազդային մեխանիզմի առկայությունը Odnoklassniki.ru-ն դարձնում է հայկական գովազդների տեղադրման առաջատար հարթակ: Սույն սոցիալական ցանցի միջոցով գովազդվող հայկական ընկերությունների թիվն առնվազն մի քանի անգամ գերազանցում է ամենահաջող հայկական կայքերի արձանագրած ցուցանիշները:

Ապրիլի սկզբից «Circle.am»-ը սկսել է ցուցադրել կայքերի այցելությունների Հայաստան/արտասահման հարաբերակցությունը: Հայաստանյան այցելությունների հրապարակումը կարող է օգտակար լինել նաև այն գովազդատու ընկերությունների համար, որոնք հիմնականում հետաքրքրված կլինեն հայաստանյան այցելություններով:

Գովազդային հարթակներ

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես և հայկական ինտերնետում «Google Adsense» գովազդային հարթակը մնում է կայքերի գումար վաստակելու ամենատարածված միջոցը: «Google Adsense»-ի միջոցով գումարներ են աշխատում հիմնականում արտասահմանյան այցելուների մեծ քանակ ունեցող հայկական կայքերը:

Հայերեն պարունակությամբ և հայաստանյան այցելուներին նպատակաուղղված կայքերը «Google Adsense»-ում դեռևս չեն կարող ակնկալել մեծ շահույթներ: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ հայաստանյան այցելություններով, նաև հայերեն գովազդով հետաքրքրված գովազդատու ընկերությունների քանակը դեռևս այդքան շատ չէ, որ առաջանա մրցակցություն, ինչի հետևանքով և կաճի «Google Adsense»-ի կողմից կայքերին վճարվող գումարների չափը:
Հարկ է նշել, որ բազմալեզու կայքերը, որոնց անգլերեն, ռուսերեն և այլ լեզուներով տարբերակները պահանջված են արտերկրում, կարող են «Google Adsense»-ի միջոցով զգալի եկամուտներ ակնկալել: Խոսքը բազմակողմ գովազդային քաղաքականության մասին է, երբ կայքի տարբերակներում օգտագործվում են գովազդային տարբեր գործիքներ: Եթե հաշվի առնենք, որ ինտերնետային գովազդի հայաստանյան շուկայի հիմնական գովազդատուները մեծամասամբ որպես թիրախ են ընտրում հայաստանյան այցելուներին, իսկ «Google Adsense»-ի օգտագործումը հայալեզու բովանդակությամբ էջերում մեծ օգուտներ չի խոստանում, ապա նշված մեխանիզմի կիրառումը կարող է հավելյալ օգուտներ բերել ինտերնետային նախագծերին:

«Google Adsense»-ի միջոցով գումարներ ստանալու գործընթացը Հայաստանի քաղաքացիների համար մնում է բավական բարդ (չեկերի ստացում` միջինը` երկու շաբաթ/ մեկ ամիս, չեկերի կանխիկացում` մոտ 15 000 դրամ և մեկ ամիս): Իհարկե, կարելի է հնարավորության դեպքում գումարները միջնորդավորված կերպով արագ ստանալ ԱՄՆ-ում, սակայն այդ դեպքում էլ «Google Adsense»-ով աշխատած գումարները հարկվում են մոտ 30%-ով: Այս պահի դրությամբ գումարները ստանալու (միջնորդավորված) ամենադյուրին տարբերակը Ռուսաստանն է, որտեղ գումարը կարելի է ստանալ հաշված օրերի ընթացքում և առանց հարկման:

Հայաստանյան այցելություններին միտված կայքերի համար «Google Adsense»-ի այլընտրանք կարող է հանդիսնանալ «AdBook» հայկական գովազդային հարթակը, որը բավական հաջող գործում է, ինչի հետևանքով «AdBook» հարթակի միջոցով գովազդներ ներգրավող կայքերի թիվը գնալով աճում է:

Զեկույցի հետագա զարգացման և կատարելագործման համար պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հարցեր կամ առաջարկներ ունենալու դեպքում խնդրում ենք գրել report@b24.am էլ. փոստի հասցեին: Զեկույցի պատրաստման աշխատանքներին աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում Էդուարդ Այվազյանին:

Circle.am-ի մասին – Հայկական ինտերնետի առաջատար վարկանիշային համակարգ: Circle.am-ում են գրանցված հայկական կայքերի 30-35%,  սակայն եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ համակարգում գրանցված են հայկական ինտերենտի առաջատար կայքերի բացարձակ մեծամասնությունը, ապա ստացվում է, որ  Circle.am համակարգի միջոցով հաշվարկվում է հայկական կայքերի այցելությունների 75-85%-ը:

«B24.am»-ի (Բիզնես 24) մասին – Ֆինանսատնտեսական լրատվության առաջատար էլեկտրոնային նախագիծ: «Բիզնես 24»-ի շրջանակներում լայն կերպով լուսաբանվում են Հայաստանի և աշխարհի ֆինանսական ու բանկային, հանքարդյունաբերական ու գյուղատնտեսության, հարկային ու մաքսային, հեռահաղորդակցության ու բարձր տեխնոլոգիաների, ավտոմեքենաշինության և այլ ոլորտներ:

** Hayland.am-ից էջերը հեռացնելու դեպքում օգտագործողի հաշվի username/password-ը համակարգից հեռացվում են մեկ ամսվա ընթացքում:

Share