Ինտերնետը Հայաստանում | 13:59 28/09/10

ԻՆՏԵՐՆԵՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ - ԱՄԱՌ 2010

«Ինտերնետը Հայաստանում» 4-րդ զեկույցում ներկայացված են 2010թ.-ի ամռան ընթացքում Circle.am-ում արձանագրված ցուցանիշները: Զեկույցը բաղկացած է «Ընդհանուր տվյալներ», «Հայաստանի առաջատար պրովայդերներ» և «Տեխնիկական տվյալներ» բաժիններից: Նախկին զեկույցներում տեղ գտած «Հայաստանի առաջատար կայքեր» և «Գովազդը հայկական ինտերնետում» բաժինները այս անգամ ներկայացված չեն: Ինչպես և նախկինում` կայքերի ցուցանիշներին կարելի է ծանոթանալ այցելելով www.circle.am : Զեկույցի համահեղինակներն են «Circle.am» (www.circle.am) և «Բիզնես 24» (www.b24.am) նախագծերը:

Զեկույցի տվյալներից օգտվելու դեպքում հղումը «Circle.am»-ին և «Բիզնես 24»-ին (www.b24.am) (ինտերնետում` ակտիվ հղում) պարտադիր է:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ

2009թ.-ի ապրիլից մինչև այս տարվա մայիս ամիսը Circle.am-ում գրանցված այցելությունների քանակը մշտապես աճել է,  նվազման փոխարեն աճ է արձանագրվել նաև 2009թ.-ի ամռան բոլոր ամիսների ընթացքում: Այս ամենը Հայաստանում ինտերնետի բուռն զարգացման հետևանք էր: 2010թ.-ի ամռան սկզբից  Circle.am-ում գրանցվել է և՛ այցելությունների, և՛ էջերի դիտումների ծավալների անկում: Հունիս ամսին այցելությունների ծավալը կազմել է 9 756 803, մայիս ամսի համեմատ այցելությունների քանակը նվազել է 687 հազարով: Հուլիս ամսին այցելությունների ծավալը կազմել է 9 337 313, հունիսի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 419 հազարով: Բնականաբար, օգոստոս ամսին արձանագրվել է ամենափոքր ծավալը` 8 871 711, հուլիսի համեմատ ցուցանիշը նվազել է 465 հազարով:

Ամռան երեք ամիսներին Circle.am-ում գրանցվել է մոտ 300 կայք: Նոր գրանցված կայքերի հաշվին Circle.am-ում այցելությունների ծավալն օգոստոս ամսին աճել է մոտ 900 հազարով: Սույն աճը մեծամասամբ պայմանավորված է երկու լրատվական նախագծերով` Regnum.ru (հայաստանյան լուրերի էջ) և Lragir.am:

Հայաստանյան այցելություններ

Օգոստոսին Circle.am-ում հայաստանյան այցելությունների ծավալը կազմել է ընդհանուր այցելությունների ծավալի 44.1%-ը: Մայիս ամսի նկատմամբ այս ցուցանիշն աճել է 4.2 տոկոսային կետով: Իսկ եթե հաշվի չառնենք ամռան ընթացքում Circle.am-ում գրանցված կայքերի այցելությունների ծավալը, որտեղ հայաստանյան այցելությունների մասնաբաժինը միայն 25% է, ապա ստացվում է, որ `հայաստանյան այցելությունների ընդհանուր մասնաբաժինը կազմել է 45.9% և արձանագրվել է աճ` 6 տոկոսային կետով:

Եթե վերցնենք օգոստոս ամսին Circle.am-ում գրանցված այցելությունների տվյալները և հանենք ամռան ընթացքում Circle.am-ում գրանցված կայքերի օգոստոսյան այցելությունների թիվն ու այդ ցուցանիշը համեմատենք մայիս ամսի տվյալների հետ, ապա կստացվի, որ ամռան ընթացքում այցելությունների ծավալների կրճատումը հասել է 24%-ի: Սակայն այս ցուցանիշը հաշվի է առնում և՛ հայաստանյան, և՛  արտասահմանյան այցելությունները:  Օգոստոսին Հայաստանից գրանցվել է 3 885 809 այցելություն, իսկ ամռան ընթացքում Circle.am-ում գրանցված նոր կայքերի հայաստանյան այցելությունների թիվը նույն ամսին կազմում է 225 000: Սույն թվերի տարբերությունը, եթե համեմատենք մայիս ամսին Հայաստանից գրանցված 4 167 395 այցելությունների ցուցանիշի հետ, ապա կստացվի, որ ամռան ընթացքում հայաստանյան այցելությունների ծավալի կրճատումը կազմել է 12.1%: Նշենք, որ աշխարհում ինտերնետի այցելությունների տարիներ շարունակ ձևավորված միտումների համաձայն ամռան ընթացքում այցելություների ծավալի կրճատումը հասնում էր 30-35%-ի: Հայաստանն այս առումով բացառություն չէր, տարիներ շարունակ Circle.am-ում գրանցված ցուցանիշները նույնպես վկայում են այդ մասին:

Այսպիսով, մի կողմից ունենք հայաստանյան այցելությունների մասնաբաժնի զգալի աճ, իսկ մյուս կողմից այցելությունների ծավալների կրճատման ցածր ցուցանիշներ: Կարծես թե երկու գործոններն էլ վկայում են Հայաստանում ինտերնետի ակտիվության կտրուկ աճի մասին: Սակայն նման հետևություններ անելուց առաջ պետք է հաշվի առնել հայաստանյան և համաշխարհային որոշ գործոններ, որոնք ամռան ընթացքում մեծ ազդեցություն ունեն ինտերնետի վրա:

Ա) Հայաստանյան տրաֆիկի մասնաբաժնի աճը առաջին հերթին և առավելապես տեղի է ունենում արտասահմանյան այցելությունների կրճատման ավելի մեծ տեմպի հաշվին: Սա հիմնականում Հայաստանին հատուկ գործոն է, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով` հանգստի մեկնողների համեմատաբար ավելի փոքր թիվ, մեծ քանակով տուրիստների մուտք Հայաստան և այլն: Տարիների ընթացքում Circle.am-ում գրանցված ցուցանիշներից ելնելով` վստահաբար կարելի է ասել, որ աշնանը կրկին կարձանագրվի հայաստանյան այցելությունների մասնաբաժնի կրճատում:

Բ) Ամռան վերջին արձանագրված այցելությունների ծավալի կրճատման (12.1%) ցածր ցուցանիշի առումով պետք է նշել, որ վերջին տարիներին, կապված շարժական ինտերնետի զարգացման հետ, աշխարհով մեկ ամառային այցելությունների կրճատման ցուցանիշը բավական նվազել է: Շարժական ինտերնետի ոլորտի անընդհատ և բուռն զարգացումների հետևանքով տարեցտարի գրանցվում են ինտերնետի տրաֆիկի կրճատման ավելի փոքր ցուցանիշներ, ու քանի որ գործընթացը դեռևս ակտիվ փուլում է, ապա չափազանց դժվար է գնահատականներ տալը: 2009թ.-ի ամռան համար hամաշխարհային մասշտաբներով կատարված հետազոտությունները նույնպես բավական տարբեր տվյալներ են տալիս` 22-27%, 18-23%: Պարզ է մեկ բան, որ 2010թ.-ի համար կրճատման ցուցանիշը էլ ավելի փոքր պետք է լինի: Circle.am-ում գրանցված հայաստանյան այցելությունների ցուցանիշն այս ամառ առաջին անգամ էր ներառում զգալի քանակությամբ բջջային ինտերնետի տրաֆիկ, և սա նշանակում է, որ Հայաստանում նույնպես պետք է արձանագրված լինի այցելությունների ծավալի կրճատման ցուցանիշի անկում:

Վերոնշյալ Ա և Բ գործոններից ելնելով և հաշվի առնելով այն, որ մեր ունեցած համեմատական տվյալները չափազանց մոտավոր են` կարելի է միայն հետևություն անել, որ ամռան ընթացքում Հայաստանում զգալի աճ չի արձանագրվել: Ինտերնետի աճի ծավալների և այդ աճի բնույթի (ժամանակավոր, շարունակական) մասին ավելի ճշգրիտ տվյալներ հնարավոր կլինի ներկայացնել միայն աշնան տվյալների վերլուծությունից հետո:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐ

Այսպիսով, առաջատար 10 պրովայդերների ցուցակի բացարձակ առաջատար է մնում Beeline-ը: Օգոստոս ամսին արձանագրվել է 40.94% ցուցանիշ: Մայիս ամսվա համեմատ Beeline-ի մասնաբաժինն աճել է 0.08 տոկոսային կետով, իսկ ամենացածր ցուցանիշն արձանագրվել է հուլիս ամսին` 39.59%: Սույն ցուցանիշները վկայում են, որ ընկերության դիրքերը բավական կայուն են: Կարծում ենք, որ Beeline-ի կողմից օգոստոսի սկզբին ինտերնետի Hi-Line ծառայության արագության կրկնապատկման արդյունքները կերևան միայն աշնանը: Ամեն դեպքում, Beeline-ից աշնան ընթացքում պետք է սպասել նաև նոր քայլեր, որոնք մասնավորապես նպատակաուղղված կլինեն անցյալ տարվա վերջին մեկ տարով պայմանագրեր կնքած հաճախորդներին պահելուն և, իհարկե, նոր հաճախորդներ ձեռք բերելուն: Այստեղ շատ բան նաև կախված կլինի մրցակիցներից:

Ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Orange-ը ամռան ընթացքում  արձանագրեց փայլուն արդյունքներ: Բջջային ինտերնետի մատչելի առաջարկների ներմուծումը և ինտերնետային փաթեթների համար նախատեսված ծավալների և արագության ավելացումը անմիջապես արդյունք տվեցին: Այս ամենին կարող ենք ավելացնել նաև ամռան ընթացքում շարժական ինտերնետի տրաֆիկի բնական աճը: Օգոստոս ամսին Orange-ի մասնաբաժինը կազմել է 15.78%, մայիս ամսի համեմատ արձանագրվել է աճ` 3.78 տոկոսային կետով, կամ մոտ 31%-ով:


Երրորդ հորիզոնականում է առաջատար բջջային օպերատոր Վիվասել-ՄՏՍ-ը: Օգոստոս ամսին արձանագրվել է 10.98% ցուցանիշ, որը մայիս ամսի ցուցանիշից ավել է 0.25 տոկոսային կետով: Իհարկե, ամռան ընթացքում Վիվասել-ՄՏՍ-ի կողմից բջջային ինտերնետի զարգացման ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվել են, սակայն դրանք մեծ արդյունքներ չեն տվել: Արդեն սեպտեմբերի սկզբին բջջային ինտերնետի ավելի մատչելի առաջարկների ներմուծումը նշանակում է, որ առաջատար բջջային օպերատորը չի պատրաստվում համակերպվել ինտերնետի և մասնավորապես բջջային ինտերնետի ծառայությունների մատուցման ետնապահի իր դիրքի հետ:

Ամռան ընթացքում միանգամից երկու հորիզոնականով վեր է բարձրացել և ցուցակի 6-րդ հորիզոնականում է հայտնվել Ucom-ը: Օգոստոս ամսին արձանագրվել է 4.22% ցուցանիշը, որը մայիս ամսի ցուցանիշը գերազանցում է 1.25 տոկոսային կետով կամ 40%-ով: Հատկանշական է, որ ինչպես և Orange-ը, Ucom-ը աճ է ցույց տվել ամռան բոլոր ամիսների ընթացքում` հունիս 3.14% (+0.17), հուլիս` 3.83% (+0.69): Աշնան ընթացքում կանխատեսելի է Ucom-ի հետագա աճը: Եթե ընկերությանը հաջողվի պահպանել աճի այս տեմպերը, ապա բացառված չէ, որ մինչև տարվա վերջ այն կհայտնվի 4-րդ հորիզոնականում:

Ցուցակի չորրորդ հորիզոնականում է ADC ընկերությունը, օգոստոս ամսին գրանցվել է 6.61% ցուցանիշ. մայիսի համեմատ արձանագրվել է անկում` 1.13 տոկոսային կետով: 5-րդ տեղում է Arminco-ն` 5.02%, մայիսի նկատմամբ ցուցանիշը նվազել է 1.46 տոկոսային կետով: 6-ից 7-րդ տեղում է հայտնվել Cornet-AM-ը, որի մասնաբաժինը մայիս ամսի համեմատ նվազել է 0.65 տոկոսային կետով և կազմել 3.95%: Մեկ հորիզոնականով նահանջել և 8-րդ հորիզոնականում է հայտնվել iCON-ը` 3.43%, մայիսի նկատմամբ արձանագրվել է անկում` 0.66 տոկոսային կետով: Առաջատար պրովայդերների տասնյակը եզրափակում են Bionet-ը և Web-ը համապատասխանաբար` 1.35% (-0.04) և 1.21% (-0.35) մասնաբաժիններով: Բոլոր այս պրովայդերների մոտ ամռան ընթացքում արձանագրվել է ցուցանիշների անկում, ինչը մեծամասամբ պայմանավորված է սեզոնային տենդենցներով և, իհարկե, կանխատեսելի է, որ սեպտեմբեր ամսից շատերի մոտ կվերականգնվեն նախկին կամ նախկինին մոտ ցուցանիշները:

Օգոստոսի վերջի դրությամբ առաջին 10 պրովայդերներին բաժին է ընկնում հայաստանյան այցելությունների 93.49%-ը: Համեմատության համար նշենք, որ մայիսին այս ցուցնիշը կազմել է 92,62%, իսկ փետրվար ամսին 91.62%: Վերջին կես տարվա զարգացումները ցույց են տալիս, որ տեղի է ունենում ոլորտի խոշորացում և ժամանակի ընթացքում փոքր ընկերությունները դուրս կմղվեն շուկայից:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջատար 10 ինտերնետ պրովայդերների ցուցանիշները որոշվում են հայաստանյան IP հասցեներից` Circle.am-ում գրանցված այցելությունների հիման վրա:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Դոմեններ և հոսթինգ

Ամռան ընթացքում Circle.am-ում գրանցված կայքերի բաշխվածությունը ըստ դոմենային գոտիների չի փոփոխվել: Կայքերի 51% գտնվում է .am դոմենային գոտում, 29%` .com, 8%` .ru, 3%` .net, 3%` .info և 6% այլ դոմենային գոտիներ:

Կայքերի 80% օգտվում է արտասահմանյան հոսթինգից և միայն 20%-ն է տեղակայված Հայաստանում: Մայիսի համեմատ Հայաստանում տեղեկայված կայքերի թիվը նվազել է 2 տոկոսային կետով, ինչն, իհարկե, ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայաստանյան ընկերությունները չեն կարողանում լուրջ մրցակցության մեջ մտնել արտերկրում հոսթինգ ծառայությունների մատուցող ընկերությունների հետ:

Համակարգչային տվյալներ

Circle.am-ում գրանցված կայքերի այցելուների էկրանների կետային չափորոշումները (screen resolution, px) բաշխված են հետևյալ կերպ` 1024x768` 27%, 1280x1024` 18%, 1280x800` 14%, 1440x900` 10%, 1680x1050` 4%, 1366x768` 4%, 1152x864` 4%, 1280x960` 2%, 1280x768` 1%, 800x600` 1%: Գյուները - 32 bit` 80%, 24 bit` 15%: Մոտ ապագայում զեկույցների մեջ կներառվեն նաև այցելուների համակարգիչների բրոուզերների և օպերացիոն համակարգերի բաշխվածության ցուցանիշները:

---------------------------------------------

Զեկույցի հետագա զարգացման և կատարելագործման համար պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հարցեր կամ առաջարկներ ունենալու դեպքում խնդրում ենք գրել report@b24.am էլ. փոստի հասցեին: Զեկույցի հետ կապված քննարկումներին մասնակցելու կամ մեկնաբանություններ անելու համար կարող եք այցելել http://www.b24.am/report: Զեկույցի պատրաստման աշխատանքներին աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում Էդուարդ Այվազյանին:

Circle.am-ի մասին - Հայկական ինտերնետի առաջատար վարկանիշային համակարգ: Circle.am-ում են գրանցված հայկական կայքերի 35-40%,  սակայն եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ համակարգում գրանցված են հայկական ինտերնետի առաջատար կայքերի բացարձակ մեծամասնությունը, ապա ստացվում է, որ  Circle.am համակարգի միջոցով հաշվարկվում է հայկական կայքերի այցելությունների 80-90%-ը:

«B24.am»-ի (Բիզնես 24) մասին - Ֆինանսատնտեսական լրատվության առաջատար էլեկտրոնային նախագիծ: «Բիզնես 24»-ի շրջանակներում լայն կերպով լուսաբանվում են Հայաստանի և աշխարհի ֆինանսական ու բանկային, հանքարդյունաբերական ու գյուղատնտեսության, հարկային ու մաքսային, հեռահաղորդակցության ու բարձր տեխնոլոգիաների, ավտոմեքենաշինության և այլ ոլորտներ: