Բաժին. Սոցիալական

ORANGE ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչներն ունեն հաճելի ու հարմարավետ վայր համայնքային հանդիպումների, համերգների, սպորտային ու մշակութային խմբակների, ինչպես նաև համայնքի բնակիչների կյանքում կարևորություն ունեցող միջոցառումների համար: Գյուղում բացվել է համայնքային կենտրոն, որի կահավորումը, մարզական գույքի ձեռքբերումն ու գրադարանի ստեղծումն իրականացվել են Orange Հիմնադրամի և «Շեն» բարեգործական կազմակերպության աջակցությամբ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Օրանժ-Արմենիա ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Յուրաքանչյուր փոքր կամ մեծ գյուղի հասարակական բնականոն կյանքի համար կենսական կարևորություն ունի համայնքային կենտրոնը: Այսուհետ Վազաշենի բնակիչները կունենան հարմարավետ վայր, որտեղ կհավաքվեն մտքեր փոխանակելու կամ ժամանցի համար, իսկ երեխաները կկարողանան մասնակցել սպորտային կամ պարային խմբակների: Հրաշալի գիտակցում ենք, թե ինչպիսի կարևորություն ունի այս վայրը Վազաշենի համար, որը գտնվում է սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա »,-  ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:                                                                                        

1080 բնակիչ ունեցող այս սահմանամերձ գյուղի համայնքային կենտրոնի շենքի կառուցումը մեկնարկել էր 20 տարի առաջ, սակայն մնացել էր անավարտ: Նոր շենքը կառուցվել է 2011թ. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի և համայնքի կողմից:

Վազաշենի համայնքային կենտրոնի կահավորման և սպորտային գույքի ձեռքբերման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 3,390,000 դրամ:

Share