Բաժին. Սոցիալական

ORANGE. ՀԱՍԱՆԵԼԻ ԲՈԼՈՐԻՆ

 Այսօրվանից  Orange-ի գլխավոր խանութի անձնակազմն իր տրամադրության տակ ունի հատուկ նորարարական սարք, որի օգնությամբ կկարողանա անվասայլակներով տեղաշարժվող հաճախորդներին աջակցել մուտք գործել խանութի տարածք: Այսօր ընկերության ղեկավարները «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի աջակցությամբ փորձարկեցին հատուկ սարքը: Այն կոչված է հասանելի դարձնել Orange-ի այն վաճառքի տարածքները, որոնք աստիճանների պատճառով հասանելի չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար, և որտեղ թեքահարթակի կառուցումն անհնարին է:

Աստիճանները բարձրանալիս կամ իջնելիս հաշմանդամային սայլակը դրվում է սարքի վրա, որով այն ապահով տեղաշարժվում է աստիճանների վրայով:

«Մենք ունենք 75 խանութ Հայաստանի ամբողջ տարածքում, և աստիճաններ ունեն դրանց մեծ մասը: Այն խանութները, որտեղ հնարավոր էր, մենք կառուցել ենք թեքահարթակներ` մեր տարածքները բոլորին հասանելի դարձնելու նպատակով: Մինչև տարեվերջ մեր խանութների 70%-ում չի լինի հասանելիության խնդիր: Մենք սա համարում ենք մեր կորպորատիվ պատասխանատվության կարևոր խնդիրներից մեկը և  փորձում ենք տալ բոլորին նույն հնարավորությունները մեր ծառայություններից օգտվելու համար», ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Իտալական արտադրության այս սարքը, որը ձեռք բերելուց առաջ Orange Արմենիան խորհրդակցել էր Ունիսոն հասարակական կազմակերպության հետ, համարվում է լավագույնն իր տեսակի մեջ:

Հյուսիսային պողոտայում գտնվող Orange-ի գլխավոր խանութը դեռևս միակն է, որն ունի այս սարքը, սակայն որոշ ժամանակ անց, դրա արդյունավետության մասին բաժանորդների և խանութի աշխատակազմի արձագանքները ստանալուց հետո, ընկերությունը նպատակ ունի այդ սարքով զինել նաև այլ խանութները, ինչպես նաև որոշ դեպքերում գտնել այլ լուծումներ, ինչպես օրինակ շարժական թեքահարթակները:

 

Share