Բաժին. Սոցիալական

ՄԵԴԻԱՄԱՔՍԸ ԵՎ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ «ԵՐԵՎԱՆ. XX ԴԱՐ» ԳԻՐՔԸ

Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) այսօր ներկայացրել են «Երեւան. XX դար» գիրքը: Գիրքը ստեղծված է համանուն նախագծի հիման վրա, որն ս.թ. մարտից իրականացվում է Մեդիամաքս-ի կայքում` «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր հովանավորությամբ: 

 Գրքում ներառվել են 15 պատմություններ այն շենքերի եւ վայրերի մասին, որոնք մեծ նշանակություն ունեն Երեւանի համար: Մասնավորապես, ընթերցողները կարող են ծանոթանալ Կասկադի, Փակ Շուկայի, «Անի» եւ «Սեւան» հյուրանոցների, Կարապի լճի, «Կոզիրյոկ» սրճարանի, Երիտասարդության պալատի, «Հրազդան» մարզադաշտի,  «Մոսկվա» եւ «Ռոսիա» կինոթատրոնների եւ այլ վայրերի պատմություններին:

Գրքի տպաքանակն է 1 000 օրինակ: 500 օրինակը «ԱրմենՏել» ՓԲԸ-ն կօգտագործի որպես Ամանորյա կորպորատիվ նվեր: Մնացած 500 օրինակը վաճառքի կհանվի` Մեդիամաքսը եւ ԱրմենՏելը ծրագրում են վաճառքից ստացած գումարը օգտագործել Հայաստանի մայրաքաղաքում որեւէ նախագծի իրականացման համար:

 «Արդեն երեք տարի է, ինչ ես ապրում եմ Երեւանում, եւ ամեն օր ինձ համար ինչ-որ նոր, վառ եւ յուրատեսակ բան եմ բացահայտում: Ես այստեղ շատ ընկերներ ունեմ, ովքեր միշտ մեծ սիրով են պատմում իրենց քաղաքի մասին: Նաեւ նրանց պատմությունների շնորհիվ ես իսկապես սիրեցի Երեւանը. չէ՞ որ յուրաքանչյուր քաղաք ապրում է իր պատմությամբ եւ հիշողություններով, որոնք փոխանցվում են սերնդից սերունդ: Վստահ եմ, որ գիրքը հետաքրքիր եւ օգտակար կլինի, հատկապես երեւանցիների համար, ու եւս մեկ կապող օղակ կհանդիսանա երիտասարդ եւ ավագ սերունդների միջեւ: Թերթելով այդ գրքի էջերը` ընթերցողը կարող է իրեն հաղորդակից դարձնել հին Երեւանին` տեսնելով քաղաքը լուսանկարներում եւ կարդալով ականատեսների պատմությունները», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն` գրքի նախաբանում:

 «Երեւան. XX դար» գիրքը կարելի է ձեռք բերել «Բուկինիստ», «Նոյան Տապան» եւ «Արտբրիջ» գրախանութներում: Գրքի արժեքն է 5.500 դրամ:

Share