Բաժին. Սոցիալական

Նորածնային մահացության կրճատմանն ուղղված ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծրագիրն ընդլայնում է աշխարհագրությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «BirthLink» ՀԿ տնօրեն Քեթի Մելորը և Հայաստանի գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանն այցելել են Արարատի մարզի Վեդիի և Արտաշատի հիվանդանոցների նորածնային խնամքի բաժանմունքներ:

Այս հիվանդանոցները հագեցվել են վերակենդանացման ներկառուցված համակարգով` նորածինների ինտենսիվ խնամքի համար նախատեսված ինկուբատորով, շնչառական դժվարություններ ունեցող երեխաների մոնիտորինգի և վերահսկման սարքավորումներով, հեղուկների երակային ներարկման պոմպով:

Հղիության ընթացքում կամ վաղաժամ ծննդաբերության ժամանակ անկանխատեսելի բարդությունների դեպքում նորածինների կյանքը փրկելու համար ծննդատները հատուկ սարքավորման կարիք ունեն: Այս սարքավորումները թույլ կտան պահպանել նորածնի մարմնի ջերմաստիճանը և կայունացնել կամ ապահովել օրգանիզմի կենսագործունեությունն այնքան ժամանակ, մինչև նա տեղափոխվի մարզկենտրոնի կամ Երևանի համապատասխան բուժհաստատություն: Կյանքի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող խնդիրներով տառապող երեխաները, որոնք ծնվելուց անմիջապես հետո համապատասխան խնամք կստանան, հետագայում կարող են այլևս չենթարկվել միջամտությունների: Եվ հենց այս սարքավորումներն են, որ երաշխավորում է նրանց առողջ ապագան:

«Ծրագիրն ուղղված է Հայաստանում նորածնային մահացության կրճատմանը: Այդ նպատակին հասնելու համար ամենակարևոր քայլը մարզերում բժշկական ծառայությունները  բարելավելն ու մատչելի դարձնելն է: Ծրագրում ներառված՝ մարզերի և մայրաքաղաք Երևանի հիվանդանոցներն արդեն ապահովվել են կենսական կարևորություն ունեցող սարքավորումներով: Մարզերում, հատկապես սահմանամերձ բնակավայրերում, միշտ առկա է բուժծառայությունների աշխարհագրական հասանելիության խնդիրը: Շատ հաճախ նորածիններին Երևան` ժամանակակից սարքավորումներով ապահոված հիվանդանոց տեղափոխելն անարդյունավետ է` ժամանակի կորստի պատճառով: Ծրագրի արդյունքում կնվազեն մայրաքաղաքի հիվանդանոցներ երեխաներին տեղափոխելու դեպքերը և դրա հետ կապված ծախսերը: Մարդիկ մարզերում պետք է ունենան բժշկական ծառայություններ ստանալու հավասար հնարավորություններ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է նորածիններին», – նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից տեղեկացնում են, որ ընկերությունն արդեն վեց տարի շարունակ համագործակցում է «BirthLink» ՀԿ հետ` նպաստելով Հայաստանում մանկական մահացության մակարդակի նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Այս ժամանակահատվածում, Հայաստանի 34 բուժհաստատություններում, 12-ը Երևանում և 22-ը մարզերում, տեղադրվել է մոտ 465 մլն դրամ ընդհանուր արժողության սարքավորում: Մասնագետների հավաստմամբ` դրական արդյունքներն ակնհայտ են:

Ամեն տարի, կյանքի առաջին տարվա ընթացքում աշխարհում մահանում է ավելի քան 4 միլիոն մանուկ: Դեպքերի 98 տոկոսն արձանագրվում է զարգացող երկրներում: Մահացու ելքերի 65 տոկոսը գրանցվում է կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի երկու երրորդն` առաջին շաբաթվա, իսկ կեսից ավելին` առաջին 24 ժամվա ընթացքում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մանկական մահացության մակարդակը ավելի քան չորս անգամ գերազանցում է այնպիսի երկրների տվյալները, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան:

Share