Բաժին. Սոցիալական

Apple-ը մտադիր է Քեմբրիջում գիտահետազոտական կենտրոն բացել

Ամերիկյան ՏՏ հսկա Apple-ը մտադիր է Մեծ Բրիտանիայի կենտրոնում, ամենայն հավանականությամբ` Քեմբրիջում, նոր գիտահետազոտական կենտրոն հիմնել: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Չի բացառվում, որ iPhone արտադրողը փորձում է հետևել իր մրցակիցների` Microsoft, Sony և Siemens ընկերությունների օրինակին, որոնք Քեմբրիջում արդեն ունեն նման կենտրոններ, նկատում է բրիտանական պարբերականը:

Որոշ տվյալներով` Apple-ը հետաքրքրված է Քեմբրիջի 90 Hills Road հասցեում գտնվող գրասենյակային շինությամբ, որտեղ կարող է տեղավորվել 20 աշխատակից: Անհրաժեշտության դեպքում, ընկերությունը կարող է աշխատանքի վերցնել ևս 20  հոգու: Ըստ պարբերականի` Բրիտանիայի կառավարությունը փորձել է համոզել Apple ընկերությանը առաջիկա 25 տարում իր ներկայությունը երկրում ամրապնդելու համար:

Apple-ը առայժմ զերծ է մնում մեկնաբանություններից: Նկատենք, որ ընկերությունն ունի Լոնդոնում տեղակայված գրասենյակ, իսկ ինչ վերաբերում է Apple-ի գիտահետազոտական կենտրոններին, ապա դրանք գործում են Չինաստանում, Իսրայելում և Թայվանում:

Share