Բաժին. Սոցիալական

Վիվասել-ՄՏՍ․ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքն ապահովվել է արտաքին լուսավորությամբ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով, «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում՝ արտաքին լուսավորությամբ է ապահովվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղը: Այստեղ տեղակայվել է արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ, որի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը և համայնքի բնակիչները:

Ավելի քան 5000 բնակիչ ունեցող Լիճքը ԽՍՀՄ փլուզումից հետո չի ունեցել արտաքին լուսավորություն: Իրավիճակը փոքր-ինչ փոխվել է տասը տարի առաջ. լուսավորությամբ է ապահովվել գյուղի կենտրոնական փողոցի սկզբնական հատվածը: «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շնորհիվ ընթացիկ տարում այստեղ տեղակայվել են հենասյուներ և լուսադիոդային (LED) 47 լուսատու:  Այժմ արդեն՝ գյուղի կենտրոնական մասում լուսավորությամբ է ապահովվել  շուրջ 1450 մ երկարությամբ տարածք:

«Այս ծրագրի հիմքում կա երկու բաղադրիչ՝ բնապահպանական և սոցիալական: Դրանք մեզ համար կարևոր են հավասարապես: Նորագույն այս տեխնոլոգիայի միջոցով  մենք մի կողմից նպաստում ենք շրջակա միջավայրի պահպանությանը, մյուս կողմից՝ թեթևացնում ենք գյուղացու սոցիալական բեռը: Լիճքի փողոցները կլուսավորվեն՝ էներգախնայողության ռեժիմով: Այս աջակցությունը կարևոր է նաև հոգեբանական տեսանկյունից: Տարրական հարմարությունների բացակայությունը բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա: Մենք ձգտում ենք փոխել ոչ միայն կյանքի պայմանները, այլև ավելացնել վաղվա օրվա նկատմամբ՝ մեր հայրենակիցների հավատը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն և կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը: Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսատուները 80%-ով կնվազեցնեն էներգիայի ծախսը: Դրանք համայնքի փողոցները կլուսավորեն ամռանը՝ 22:00-ից մինչև 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչև 00:00-ը: Տոնական օրերին՝ լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը: Դա նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքային զարգացմանը:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Արգածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Share