Բաժին. Սոցիալական

104 մլն դրամ՝ կարկուտից և հորդառատ անձրևներից տուժած բնակիչներին

Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում ս.թ. հունիս և հուլիս ամիսներին հորդառատ անձրևի ու կարկտահարության հետևանքով տուժել են բնակիչներ, բնակելի տներ և օժանդակ շինություններ, վնասվել գյուղամիջյան ճանապարհներ, կամուրջներ, հենապատեր:

Կառավարությունը 104 մլն դրամ է հատկացրել աղետի հասցրած վնասի հետևանքները վերացնելու, ինչպես նաև հետագայում նման մեծածավալ վնասից խուսափելու համար՝ Արմավիրի մարզում 22 և Արագածոտնի մարզում 6 հակակարկտային կայան տեղադրելու նպատակով: Ուժեղ քամու պատճառած վնասի փոխհատուցումը, որի հաշվարկն այժմ իրականացվում է, գործադիրը քննության կառնի առաջիկայում:

«ՀՀ Նախագահի հետ այս հարցը մենք քննարկել ենք և որոշում ենք կայացրել, որ մարզերում, համայնքներում ստեղծված հանձնաժողովների առաջարկները քննարկենք և փորձենք հնարավորինս օգնել մեր ժողովրդին: Խնդիրը պարզ է՝ մենք մեր քաղաքացիների բոլոր ցանկությունները չենք կարող բավարարել: Երեկ եղել ենք մի քանի համայնքներում, և իրոք մեծ աղետ է տեղի ունեցել. մարդիկ ունեն վարկեր, ծախսեր են իրականացրել՝ ակնկալելով բերք ստանալ, իրացնել և հետո վարկերը մարել: Նաև առաջարկ կար, որպեսզի վարկերը հետաձգվեն: Ես Կենտրոնական բանկի նախագահ պարոն Ա. Ջավադյանին խնդրում և առաջարկում եմ, – այդ մասին խոսել ենք մի քանի օր առաջ, -որպեսզի նաև առևտրային բանկերի հետ համագործակցենք և հնարավորինս՝ գոնե մեկ տարով՝ հետաձգենք գյուղացիների վարկերը: Սա է խնդիրը, և նաև նախարարները, գերատեսչությունները պետք է շատ ակտիվ համագործակցեն մարզպետների, քաղաքապետերի, գյուղապետերի հետ, որպեսզի կարողանանք հնարավորինս օգնել մեր քաղաքացիներին:

Երեկ նախարարների հետ եղել ենք Արթիկ քաղաքում, և անհիմն են որոշ հարթակներում հնչեցվող տեղեկությունները, թե աշխատանք չի կատարվում, դժգոհություն կա: Եղել ենք աղետից տուժած բնակարաններում, աշխատանքները կատարված են, իհարկե նաև ընթացքի մեջ են: Քաղաքացիները միշտ էլ ցանկանում են ավելի շատ օգնություն ստանալ կառավարությունից. մենք ֆինանսավորել ենք բոլոր այն առաջարկները, որոնք ներկայացրել են հանձնաժողովները հաշվարկների հիման վրա: Գործընթացը գնում է առաջ, ես որևէ դժգոհություն չնկատեցի, նույնիսկ շնորհակալական խոսքեր հնչեցին տարբեր քաղաքացիների կողմից, որը շատ օբյեկտիվ էր», – ասել է Հովիկ Աբրահամյանը:

Share