Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ. ամանորյա նվերներ` 42 ընտանիքի

Ավարտվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության 2016թ.-ի ծրագիրը, որն ընդգրկել է Հայաստանի տասը մարզի 25 համայնք: Արդյունքում, 42 ընտանիք ավարտել է կիսակառույց տան շինարարությունը կամ վերանորոգել է այն:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն այցելել են Արմավիրի մարզի շահառու ընտանիքներին՝ նրանց հետ կիսելու բնակարանամուտի ուրախությունը: Առաջին կանգառը Շենիկ գյուղն էր:

Չորս հոգուց բաղկացած Եղոյանների ընտանիքը 21 տարի բնակվել է փայտյա վագոն-տնակում: Ավելի քան 20 տարի ընտանիքին չի հաջողվել ավարտին հասցնել կիսակառույց տան շինարարությունը: Ընտանիքի հայրը՝ Մհերը, 90-ականների արցախյան պատերազմում կորցրել է կրտսեր եղբորը, գերեվարվել, փախել է գերությունից, ծանր վիրավորվել ու հաշմվել: Տունդարձից հետո ընտանիք կազմած Մհերը սկսել է ապրել վագոն-տնակում և տարիներ շարունակ կնոջ ու զավակների հետ ստիպված է եղել հաղթահարել վագոն-տնակում ապրելու խնդիրները:

«Իմ կյանքում շատ դժվարություններ եմ տեսել և վաղուց արդեն հեքիաթների չէի հավատում: Գիտե՞ք, տարիներ ի վեր համոզված էի, որ հույսդ միայն քեզ վրա պիտի դնես, որ երբեք որևէ մեկը չի գալու օգնության: Այսօր այնքան երջանիկ եմ, որ սխալվում էի: Երջանիկ եմ, որ մարդկանց նկատմամբ հավատը կրկին ծիլ է տվել հոգուս մեջ: Տան շինարարության հետ, կարծես, մի նոր՝ լուսավոր կյանք է սկսվել մեզ համար»,- ասել է ընտանիքի հայրը՝ Մհերը:

«Հաջողության հասնելու համար, յուրաքանչյուրս պարտավոր ենք մտովի ամփոփել օրվա անցուդարձը, արվածն ու չարվածը: Նոր սկսվող յուրաքանչուր տարվա հետ այդ գործընթացը գնահատվում է առավել խիստ չափորոշիչներով: Ընդ որում, ազնիվ լինելու համար, անհրաժեշտություն է առաջանում գնահատելու ոչ միայն ինքդ քեզ, այլև ծրագրի, գործընկերոջ ընտրության հարցում ունեցած հաջողությունը և հայրենակիցների արձագանքը: Արդեն հինգ տարի համագործակցում ենք Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ՝ ձգտելով մարդկանց մեջ հույս, հավատ արթնացնելուն զուգահեռ՝ պատասխանատվության վրա խարսխվող արժեհամակարգ ձևավորել: Հինգ տարվա ընթացքում մեզ հաջողվել է երջանկության դռներ բացել 135 ընտանիքի համար: Ուրախ եմ տեղեկացնել, որ շարունակում ենք մեր գործընկերությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համագործակցող կողմերն այցելել են նաև Մարգարա գյուղում բնակվող Գևորգյանների ընտանիքին: Դեռ անցած գարնանը թիմերն այստեղ հատակի բետոնապատման աշխատանքներ էին իրականացնում:

«Ամուսինս ծնվել ու մեծացել է հողաշեն տանը: Նրա հայրը սկսել էր տան շինարարությունը, սակայն այդպես էլ չէր կարողացել ավարտին հասցնել այն: Մենք էլ մեր հերթին փորձում էինք ամեն ինչ անել, որպեսզի մեր չորս երեխաները մեծանան բարեկարգ պայմաններում, սակայն ապարդյուն.  այդպես էլ չկարողացանք ավարտին հասցնել կիսակառույց տան շինարարությունը: Այսօր, ձեր օգնությամբ՝ իրականացավ մեր վաղեմի երազանքը: Շնորհակալ եմ»,- ասել է ընտանիքի մայրը՝ Ազգանուշը:

«Յուրաքանչյուր մարդու համար իր տունն իր ամրոցն է: Միայն տան առկայության հետ է մարդն ինքնավստահ ու համարձակ դառնում: Այս ընտանիքների կողքին լինելն ու իրենց ուրախությունը կիսելն աննկարագրելի զգացումներ է առաջացնում: Նոր տարին նրանց համար խորհրդանշական՝ հույսի ու հավատի տոն դարձավ նաև»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, 2016թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105 մլն դրամի ներդրում է կատարել: 21 ընտանիք ավարտին է հասցրել կիսակառույց տան շինարարությունը, ևս 21-ը՝ վերանորոգել բնակարանը: Հինգ տարվա համագործակցության արդյունքում՝ Հայաստանի տարբեր մարզերում աջակցություն է ստացել 135 ընտանիք: Ընդհանուր առմամբ ներդրվել է 333 մլն դրամից ավել գումար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  560-ից ավելի  ընտանիքների:

Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:

Share