Բաժին. Սոցիալական

Արտեմ Ասատրյան. Կենսաթոշակի կամ նպաստի տեղեկանքները նախկին 5-7 օրվա փոխարեն կտրամադրվեն 15 րոպեում

Սոցիալական ապահովության պետական ծառայության համակարգում 2017թ.-ից սկսած գործում է տեղեկանքների տրամադրման պարզեցված համակարգ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունից՝ հավելելով. «Կենսաթոշակառու կամ նպաստառու լինելու մասին, ինչպես նաև կենսաթոշակի կամ նպաստի չափի մասին տեղեկանքների համար այսուհետ քաղաքացիները (ՀՀ քաղաքացիները, ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրյա քաղաքացիները) կարող են դիմել ցանկացած տարածքային բաժին և կենտրոնական գրասենյակ՝ անկախ հաշվառման վայրից:

Եթե նախկինում նշված տիպի տեղեկանքների տրամադրումը տեղի էր ունենում մի քանի աշխատանքային օրերի ընթացքում՝ երբեմն առաջացնելով անհարկի քաշքշուկ, ապա ներկայումս դրանք տրամադրվելու են 15 րոպեների ընթացքում և կենտրոնական գրասենյակի և տարածքային բաժնի կողմից (2016թ. նման տեղեկանքների համար դիմել են մոտ 60.000 քաղաքացիներ):

Աշխատանքներ են ընթանում ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ նման ընթացակարգ սահմանելու նաև արտերկրում բնակվող մեր քաղաքացիներին նույն ծառայությունը մատուցելու համար:

Սոցիալական ապահովության պետական ծառայությունը մշակել և ներդրել է նաև Հայաստանի Ազգային արխիվի հետ տեղեկատվության փոխանակման համակարգ, որի արդյունքում քաղաքացին ստիպված չի լինի գրավոր դիմել ազգային արխիվ, գումար վճարել և ստացված տեղեկատվությունը տեղեկանքի տեսքով տրամադրել սոցիալական ապահովության պետական ծառայությանը: Այդ գործընթացը կկատարվի ծառայության և արխիվի աշխատակիցների կողմից: Արդյունքում խնայվելու են և ժամանակ, և քաղաքացիների ֆինանսական միջոցներ: Բացի այդ, էապես նվազեցվելու են կոռուպցիոն ռիսկերը, և բարձրանալու է ծառայության որակը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոցներն են համակարգերի ներդրումն ու քաղաքացիների իրազեկվածությունը», – նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Համակարգը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ համագործակցության շրջանակներում:

Մշակված համակարգը հնարավորություն է տալիս Հայաստանի ազգային արխիվին դիմելը և տեղեկատվությունը ստանալը կազմակերպել մեկ օրում: Արխիվային տեղեկանքի տրամադրման փաստացի ժամկետը կախված կլինի ազգային արխիվի կողմից տեղեկատվության տրամադրման ժամկետից»:

Share