Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ. 28 մլրդ դրամ սոցիալական ներդրում` ի նպաստ Հայաստանի զարգացման

Գործունեության ավելի քան տասնմեկ տարվա ընթացքում, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 28,015,900,000 (ավելի քան 28 միլիարդ) դրամ է հատկացրել Հայաստանում սոցիալական ներդրումներ իրականացնելու նպատակով՝ տարբեր ոլորտների բարելավման և կայուն զարգացման ուղղությամբ: Դրանից շուրջ 1,338,400,000 դրամը (ավելի քան 1.3 միլիարդ դրամ) նախատեսված է 2017թ.-ի ընթացքում աշխատանքներ իրականացնելու համար: Միջին տարեկան կտրվածքով՝ սոցիալական ներդրումների տարեկան գումարային ծավալը կազմում է 2,234,600,000 դրամ (ավելի քան 2,2 միլիարդ): Ծրագրերի շրջանակներում՝ տարեկան իրականացվել է հանրային շուրջ 82 միջոցառում:

Սոցիալական ներդրումների համալիր ծրագիրը հիմնված է երկրաժամկետ և համակողմանի ռազմավարության վրա: Ծրագրային առանձին ուղղություններ ընտրվել են համապատասխան ոլորտների կարիքների գնահատումից, ինչպես նաև երկարաժամկետ կտրվածքով առկա խնդիրներին արձագանքելու հրատապությունից ու դրանց կարևորությունից ելնելով: Տարբեր ոլորտներ ներառող ծրագրերն իրականացվում են հետևողականորեն՝ նպատակ ունենալով հիմքեր ստեղծել հետագայում այդ ոլորտների շարունակական զարգացման համար:

Տարիների ընթացքում, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումները ներառել են հետևյալ հիմնական ծրագրերը.

1. Բնակարանի ապահովում՝ ներառյալ Գյումրիում ու Վանաձորում երկրաշարժից տուժած կարիքավոր 40 ընտանիքի բնակարանների տրամադրում, ինչպես նաև «Ֆուլեր» տնաշինական ծրագրի շրջանակներում՝ 58 գյուղական, այդ թվում՝ սահմանամերձ համայքների 200 ընտանիքի համար կիսակառույց տների շինարարության ավարտ և վերանորոգման աշխատանքներ:

2. Ենթակառուցվածքի զարգացման 191 նախագիծ՝ Հայաստանի 10 մարզի 50 գյուղական համայնքներում՝ ներառյալ գազատարների, ոռոգման և խմելու ջրի համակարգերի ներդրում, այլընտրանքային էներգիայի ենթակառուցվածքի ստեղծում (արտաքին LED լուսավորության և ջեռուցման համակարգեր): Ինչպես նաև՝ մարզային կրթական հաստատությունների և մշակութային օջախների վերանորոգում և պաշտպանիչ պատի կառուցում՝ սահմանամերձ գյուղերում:

3. Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրեր, որոնց շրջանակներում բնապահպանական գիտելիքներով վերազինվել է ավելի քան 2000 երիտասարդ, ստեղծվել է շուրջ 1000 աշխատատեղ, «Արևորդի» էկո-ակումբների սաների կողմից նկարահանվել է ավելի քան 40 փաստավավերագրական ֆիլմ՝ բնապահպանական թեմաներով: Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ծրագրերի շրջանակներում՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի շուրջ 8000 հա տարածքի պահպանման նպատակով, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի էկոկրթական կենտրոնին տրամադրվել են մշտադիտարկման ժամանակակից սարքավորումներ և կառուցվել է բազային նոր կայան՝ կենտրոնի հարևանությամբ:

4. Առողջապահական ծրագրերի շրջանակներում բժշկական ավելի քան 30 տեսակի սարքավորում է հատկացվել մայրաքաղաքի և ավելի քան 31 համայնքի բուժհաստատությունների՝ ներառյալ նորածնային խնամքի բուժսարքավորումների տրամադրում ծննդատներին: Մանսագիտական աջակցություն է ցուցաբերվել հատուկ կարիքներով ավելի քան 400 երեխայի: Կազմակերպվում են հիպոթերապիայի կուրսեր՝ խնդիրներ ունեցող շուրջ 100 երեխայի համար:

5. Մշակույթի և ազգային ինքնության պահպանման ոլորտներին աջակցելու շրջանակներում կազմակերպվել է ավելի քան 2000 համերգ և մշակութային տարբեր միջոցառում՝ մայրաքաղաքում և մարզերում:

6. Աջակցություն տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, ներառյալ՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը, Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադաների անցկացումն ու ֆաբլաբերի ստեղծումը:

7. ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Սինոփսիս Արմենիա» և «Յունիքոմփ» ընկերությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվում է ՏՀՏ փորձարարական ուսումնական ծրագիր, որի նպատակն է ապահովել «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումն ավագ դպրոցներում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ իրականացվում են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծման աշխատանքները:

8. Հատուկ կարիքներ ունեցող, ծնողազուրկ և սոցիալապես անապահով 1200 ուսանողի ուսման վարձի հատուցում: Wi-Fi անկյունների և լաբորատորիաների ստեղծում 30 բուհում և տարբեր մարզերի 16 դպրոցում:

9. Աջակցություն սպորտի ոլորտին, ներառյալ՝ շախմատի, ֆուտբոլի, նետաձգության զարգացմանը և այլն:

«Ավելի քան 11 տարի անընդմեջ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավատարմորեն առաջնորդվել է իր արժեհամակարգի առանցքը հանդիսացող՝ կորպորատիվ պատասխանատվության օրակարգով: Ընդ որում, կայուն զարգացմանը միտված՝ սոցիալական լայնածավալ ներդրումներն այդ օրակարգի ընդամենը մեկ բաղադրիչն են: Ոչ պակաս կարևոր է թե՛ կազմակերպության ներսում, և թե՛ սոցիալական լայնածավալ ներդրումների միջոցով կորպորատիվ պատասխանատվության ինստիտուտի ներդրումն ու ամրապնդումը Հայաստանում՝ հետևողական և համակարգված աշխատանքների միջոցով»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Տարբեր նախագծերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների ներգրավվածությունն էապես նպաստում է երկրում կամավորականության մշակույթի խրախուսմանը: Այս մոդելը գործունեության առաջին իսկ տարիներից դրվել է ընկերության գործունեության հիմքում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հեռահաղորդակցության միակ օպերատորն է Հայաստանում և առաջին ընկերությունը ԱՊՀ տարածաշրջանում, որն իրականացրել է սոցիալական պատասխանատվության ISO 26000 ուղեցույցների հանձնարարականները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share