Բաժին. Սոցիալական

Beeline. մեկնարկեց «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագիրը

Վորլդ Վիժն Հայաստանը Beeline-ի հետ համատեղ հայտարարում են «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի մեկնարկի մասին: Ծրագիրը  կիրականացվի Կապանում, Թալինում և Երևանում:

«Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի նպատակն է բարձրացնել երեխաների ու նրանց ծնողների/խնամակալների` ինտերնետից անվտանգ օգտվելու մասին իրազեկվածության մակարդակը: Ծրագիրը կտևի 12 ամիս ու կներառի Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերին մասնակցող 7-18 տարեկան 600 երեխաների ու պատանիների, 90 ծնողների, խնամակալների և 30 ուսուցիչների:

«Առցանց անվտանգության խնդիրն իսկապես հրատապ է, քանի որ շատ ծնողներ ու երեխաներ պատշաճ պաշտպանված չեն առցանց տիրույթում:  Մեր ունեցած տվյալների համաձայն` ծնողների 57%-ն ու երեխաների 35%-ը ծանոթ չեն այն ծառայություններին, որոնց պետք է դիմել առցանց վտանգների, հատկապես բռնության դեպքերի հանդիպելու պարագայում»,- ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

«Beeline-ը, մեծապես կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիների վերաբերյալ գիտելիքների զարգացմանն ուղղված ծրագրերը՝ հատկապես երիտասարդների և երեխաների շրջանում: «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի մեկնարկը մեծ նշանակություն ունի մեզ համար, քանի որ այն ծնողներին, մանկավարժներին, ինչպես նաև իրենց` երեխաներին, հնարավորություն կտա ստանալ մասնագիտական աջակցություն և գիտելիքներ՝ ինտերնետից անվտանգ օգտվելու վերաբերյալ», – նշեց Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Երեխաների առցանց անվտանգության ծրագրի շրջանակներում երեխաներն ու երիտասարդները կմասնակցեն տարբեր դասընթացների` ծանոթանալով առցանց անվտանգության կանոններին ու մեխանիզմներին: Իսկ ծնողները կտեղեկացվեն սոցիալական ցանցերից անվտանգ օգտվելու սկզբունքներին, երեխաներին արդյունավետ հետևելու ու վերահսկելու գործիքներին,  վտանգներին և այլն: Ծրագրում ներառված կլինեն նաև ուսուցիչներ, ովքեր կսովորեն դպրոցականների օնլայն վարքագծին հետևելու սկզբունքները:

Վորլդ Վիժնը քրիստոնեական, երեխայակենտրոն և համայնքահեն կազմակերպություն է, որն աշխատում է երեխաների, ընտանիքների ու  համայնքների հետ` հանուն աղքատության և անարդարության հաղթահարման։ Կազմակերպության գործունեությունն իրականացվում է մի քանի ուղղություններով` երեխաների առողջություն և զարգացում, նրանց իրավունքների պաշտպանություն, երիտասարդների հզորացում ու տնտեսական զարգացում: Վորլդ Վիժնը գործում է Հայաստանի 6 մարզերում և մայրաքաղաք Երևանում` ծառայություններ մատուցելով 200-ից ավելի համայնքներում գրանցված շահառուներին։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Share