Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ. բարեկարգ բնակարան՝ 15 տարվա սպասումից հետո

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, Հասրաթյանների ընտանիքին հաջողվել է 15 տարի գոյություն ունեցող խնդիրը լուծել 8 ամսվա ընթացքում: Ընտանիքի հոր՝ զինվորական Վարդանի համար, զգալիորեն կրճատվել է ուսերին եղած տարիների բեռը: Ավելին, նա հաճելի անակնկալ է մատուցել բանակից տուն զորացրված որդուն:

Աշխատանք ու նաև տուն չունենալու պատճառով, Հասրաթյանները տարիներ շարունակ ստիպված են եղել մի բնակավայրից մյուսը տեղափոխվել և վարձակալությամբ ապրել Իջևանում, Կապանում ու Վայքում: Ի վերջո, 15 տարի առաջ նրանց հաջողվել էր ռմբակոծությունից վնասված մի տուն գնել Գորիսի թաղամասերից մեկում, սակայն շինարարությունն ավարտին հասցնել և սեփական տանիք ունենալ չեն կարողացել: Այս ու նաև հանրապետության տարբեր մարզերում բնակվող 135 ընտանիքի բաղձալի երազանքն իրականություն է դարձել աջակցող կողմերի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հաջողված համագործակցության շնորհիվ:

«Ընտանիք կազմելու օրից ի վեր ես ու կինս, հետո նաև երեխաներս, երբեք չենք կարողացել զգալ սեփական անկյուն ունենալու բերկրանքը. ճակատագրի թելադրանքով միշտ տեղից տեղ ենք տեղափոխվել, տնից՝ տուն: Վարձակալված բնակարանը երբեք քո սեփականի նման չի կարող ջերմացնել: Փառք Աստծո, հիմա հարմարավետ տուն ունենք, ընտանիքս միասնական է. էլ ի՞նչ է պետք մարդուն՝ երջանիկ լինելու համար: Շնորհակալ ենք»,- ասել է ընտանիքի հայրը՝ Վարդանը:

«Օգնելով այս ընտանիքներին՝ մենք մերժում ենք անտարբերությունը և կարևոր ուղերձ ենք հղում հասարակությանը. ժամանակը հարկավոր է ծախսել օգտակար գործերի վրա: Այդպես է ստեղծվում արժեքը: Այդպես են կայանում անհատը, ընտանիքն ու ազգը: Հարկավոր է սահմանել լավ նպատակ և ձգտել դրա իրականացմանը: Ժամանակը չի սպասում: Խնդիրների բեռի տակ կծկվելով և ինքնավստահությունը կորցնելով ոչնչի չենք հասնի: Մինչդեռ լավ նպատակների շուրջ միավորվելով, կարող ենք լուծել ցանկացած խնդիր: Այս ծրագրի հիմքում այդ մոտեցումն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ամեն օր, գործ ունենալով Հայաստանի տարբեր ծայրերում բնակվող մարդկանց հետ, լինելով մեր գյուղերում ու շփվելով հատկապես տան կարիք ունեցող ընտանիքների հետ, համոզվում եմ, որ բնակարանային պայմանների բարելավման հետ բացահայտվում է նաև ընտանիքի թաքնված ներուժը, նոր կենսակերպը դառնում է խթան՝ ավելիին հասնելու համար: Այս ծրագիրը օգնում է հաղթահարել ոչ միայն սոցիալական, կենցաղային աղքատությունը, այլև մտքի և ոգու»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2016թ.-ին բնակարանաշինության ծրագրով Սյունիքի մարզում աջակցություն է ստացել 3 ընտանիք:

————————–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share